Րաֆֆի Հովհաննիսյան. Ես իրենց այլևս ասելիք չունեմ
«Ինչո՞ւ գնացի Սերժ Սարգսյանի մոտ: Ես բարդույթ չունեմ սեփական հայրենիքում»,- Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը այսպես սկսեց իր «պարզաբանումը», թե ինչու նախօրեին որոշում ընդունեց ինքը գնա նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, թեև նա էր սպասում նախագահին:
Ր. Հովհաննիսյանի ներկայացմամբ, նա Սերժ Սարգսյանին ասել է` «շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն», սակայն Ս. Սարգսյանը պատասխանել է՝ «ոչ», Րաֆֆին էլ` «եթե պատրաստ չեք նոր ընտրությունների` պատժեք կեղծարարներներին` հանձնաժողովի նախագահներից մինչև մարզպետ ու նախարար»:
«Ուրեմն առաջինը՝ պատիժ բոլորին, անխտիր, Հայաստանի օրենքի կիրառմամբ, խստագույնս: Երկրորդ, եթե դուք պատրաստ չեք, չունեք այդ հնարավորությունը, ուժը, դեմ առ դեմ կրկնակի ընտրության:… Ուրեմն չնեղանաք ինձանից, մինչև կյանքիս վերջը ձեր կողքին պետք է կանգնած լինեմ և ոչ մի տեղ չեմ գնալու»: Ըստ Ր. Հովհաննիսյանի, ինքը առաջարկել է նաև նոր խորհրդարանական ընտրություններ` համամասնական ընտրակարգով, պատասխանը եղել է` ոչ:
«Ես իրենց այլևս ասելիք չունեմ: Իմ ասելիքը հետևյալն է. մեր զինվորները պետք է պահպանեն մեր սահմանը, մեր տարածքային ամբողջականությունը: Հայ հրամանատարը, ով զինվորին կուղղի հայ ժողովրդի դեմ, գործ պետք է ունենա թե իմ, թե հայ ժողովրդի հետ: Այն ոստիկանը, որը նույնպես մեր հպարտությունն է, և ծառայության մեջ է, ով չի ապահովում մեր ժողովրդի անվտանգությունը՝ մեր նոր հանրապետության ստեղծման այս օրերին ու և շեղվում է իր պարտականությունից ու իրականացնում անօրեն հրաման, նույնպես պատասխան է տալու: Բոլորը պետք է լինեն իրենց գործի մեջ», -հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Շարունակելով իր խոսքը, նշեց, որ այս առաջիկա ժամանակահատվածում տանելու են պայքարը հանդարտ, սահմանադրական, հետևողական:
«Պատրա՞ստ եք ինձ օգնել» հարցին` հանրահավաքում հավաքվածաները բղավեցին` «Այո»: