Սեյրան Օհանյանը Բրյուսելում Սաֆար Աբիևին կոչ է արել վերջ դնել հրադադարի ռեժիմի կաննոների խախտմանը
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, որ Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցող Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ խնդրելով վերջ դնել հրադադարի ռեժիմի խախտումներին: Ըստ աղբյուրի՝ պատճառը իբրև հայկական կողմի մեծ կորուստներն են: Վերոնշյալ տեղեկությունների պարզաբանման նպատակով Panorama.am-ը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:
«Ադրբեջանն ինչպես միշտ իր համար ցանկալին փորձում է իրականության տեղ ընդունել: Հայկական կողմը երբեք էլ չի թաքցրել, որ իր համար հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և տարբեր առիթներով կոչ է արել ադրբեջանական կողմին չխախտել հրադադրի ռեժիմի կանոնները:
Ընդ որում, խոսք է գնում ոչ միայն հայկական կողմի, այլ առհասարակ սահմանագծում արձանագրվող երկուսետեք կորուստներին»,- նշեց նա:
Panorama.am-ի ճշտող հարցին, թե ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել այդ հանդիպման ժամանակ, Ա. Հովհաննիսյանը նշել է. «ՀՀ պաշտպանության նախարարը կոչ է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարին հարգել հրադադարի ռեժիմի կանոնները, ինչը թույլ կտա զերծ մնալ երկուստեք զոհերից»: