Էդուարդ Շարմազանով. Նախագահի հետ հանդիպման մասին Րաֆֆի Հովհաննիսյանի պատմությունը տարօրինակ էր
ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը News.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման վերաբերյալ վերջինիս արձագանքին: Նա մասնավորապես ասել է.
«Անկեղծ ասած, իսկապես ուզում էի տեղեկանալ Հանրապետության նախագահի և պարոն Հովհաննիսյանի երեկվա հանդիպման վերաբերյալ պարոն Հովհաննիսյանի խոստացած պատմությանը: Այն, ինչ լսեցի, խիստ տարօրինակ էր: Տպավորություն ստացա, որ այդ հանդիպման ժամանակ նախագահն ընդամենը 3 անգամ «ոչ» է ասել, իսկ այնուհետեւ պարոն Հովհաննիսյանը բոցաշունչ ելույթ է ունեցել այն մասին, որ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մեղավորները պետք է գտնվեն ու պատժվեն օրենքի ուժով, ինչին ի պատասխան նախագահը լռել է: Համաձայնեք, նույնիսկ զվարճալի է: Թափանցիկության ու հրապարակայնության կատարելության նմուշ մի պատմություն: Եթե այսպես շարունակվի, կարծում եմ, ստիպված պիտի լինենք հրապարակել, թե իրականում ինչ են շուրջ մեկ ժամ խոսել նախագահն ու պարոն Հովհաննիսյանը, որքան էլ որ հավատում էինք, թե դա հավուր պատշաճի կանի պարոն Հովհաննիսյանը»: