Աշտարակում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը. Հաջորդ կանգառը Վանաձորն է
Աշտարակ քաղաքում ավարտվեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Հաջորդ կանգառը Վանաձորն է, ապա` Գյումրին: «Ժառանգության» անդամները հիշեցրեցին, որ կիրակի Հովհաննիսյանը քաղաքացիներին կհանդիպի Ազատության հրապարակում, աշտարակցիներին կոչ արեցին մասնակցել այս հավաքին:
Մինչ հավաքի մեկնարկը հավաքվածներից ոմանք պահանջում էին հրապարակից դուրս բերել այնտեղ կայանված մեքենաներից մեկը: Նրանք իշխանություններին մեղադրում էին հանրահավաքի ժամանակ հրապարակում միտումնավոր մեքենաներ կանգնեցնելու համար: Սակայն խնդիրը հարթվեց, և հանրահավաքը մեկնարկեց:
Ելույթ ունեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Իր ելությում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը՝ նա մասնավորապես նշեց. «Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն է գնացել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, քանի որ կոմպլեքսներ չունի և նորմալ դաստիարակություն ստացած մարդ է: Րաֆֆի Հովհաննիսյանն ունի ժողովրդի քվեն, Սերժ Սարգսյանը՝ վարչական ռեսուրս և միջազգային ծախված դիտորդների գնահատականները: Մենք ցիվիլ պայքար ենք տանելու, մենք լարվածություն չենք ստեղծելու: Մի սպասեք այսրոպեականությունների, սպասեք տևական պայքարի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ հաճախ հանդիպել աշտարակցիներին, պատասխանել նրանց հարցերին:
Նշենք, որ Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Հովհաննիսյանի` Աշտարակում անցկացրած հավաքին:
«Մարզկենտրոն Աշտարակում Րաֆֆին բարլուսախառը բախվեց դառը իրականությանը: Երբ մի մարզում, որտեղ հավաքել է 27 հազար ձայն, իր հետ հանդիպման են գալիս ընդամենը 400-500 մարդ (հավաքած ձայների 2%-ից պակաս), ընդ որում՝ դրա 60-70 տոկոսն էլ մոտակա գյուղերից բերված դաշնակցականներ են: Կարծում եմ՝ դեռ շատ բան պարզ կլինի այս ընթացքում շուտ ոգևորվող մարդկանց համար...»,-գրել է Զաքարյանը: