«Սեզար». Միխայել Հանեկենի «Սեր»-ը միանգամից հինգ մրցանակի է արժանացել
Փարիզում նախօրեին տեղի է ունեցել «Սեզար» 38-րդ մրցանակաբաշխությունը: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջին մրցանակին է արժանացել ավստրիացի կինոռեժիսոր Միխայել Հանեկենի «Սեր» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերակատարուհի Էմանյուել Ռիվան ու դերասան Ժան-Լուի Տրենտինյանն արժանացել են «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն դերասան» ավանակարգերում առաջին մրցանակներին: «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն յուրահատուկ սցենար» անվանակարգերում հաղթող է ճանաչվել Մ. Հանեկեն:
Նշենք, որ ֆիլմը «Կաննի» փառատոնում ոսկե արմավենու է արժանացել: Ֆիլմը պատմում է տարեց ամուսինների մասին. Ժորժն ու Աննը կյանքի 8-րդ տասնամյակում են: Նրանք կիրթ թոշակառուներ են, երաժշտության նախկին դասատուներ: Դուստրը, որ նույնպես երաժիշտ է, իր ընտանիքի հետ ապրում է արտասահմանում: Մի օր էլ Աննին կաթված է խփում: Ամուսնական զույգին կապող սերը ենթարկվում է դաժան փորձությամբ:Հիշեցնենք նաև, որ հենց «Սեր» ֆիլմով էր եզրափակվել «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնը (2012):
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում մրցանակին արժանացել է ամերիկացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Բեն Աֆլեքի «Օպերացիա «Արգո»» քաղաքական թրիլլերը:
Ամերիկացի հայտի դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Քևին Քոսները պարգևատրվել է «Սեզար» պատվավոր մրցանակով համաշխարհային կինոմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած ներդրման համար:
«Սեզար» մրցանակաբաշխությունը կամ ինչպես երբեմն ասում են «ֆրանսիական «Օսկարը»» անցկացվում է 1976 թվականից Ֆրանսիական կինոակադեմիայի կողմից: Այն անվանվել է քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունով, ով պատրաստում էր մրցանակ-արձանիկները: Քվեարկությանը մասնակցում է կինոարվեստի ոլորտի ավելի քան 3500 պրոֆեսիոնալներ` ռեժիսորներ, դերասաններ, սցենարիստներ, պրոդյուսերներ: Այս տարի ընդհանուր առմամբ 21 անվանակարգում են որոշվել լավագույնները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում