Ուրոլոգ Դ. Ֆանարջյան. Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում
Եթե ամուսնանալուց հետո մի քանի ամիս անց կինը չի հղիանում, բոլորի մտքով նույն բանն է անցնում` «մեղավորը» կինն է. խնդիրներ ունի: Մարդիկ նման մտածելակերպ են ունեցել հազարամյակներ առաջ… շատ մարդիկ այսօր էլ նման կերպ են մտածում: Սակայն վիճակագրությունը այլ բան է վկայում. ինչքան կինն է «մեղավոր», այնքան էլ տղամարդը, ուղղակի հայ տղամարդը չի համակերպվում այն մտքին, որ ինքն էլ կարող է այնպիսի խնդիրներ ունենալ, որոնք կհանգեցնեն անպտղության: Շատ-շատ տղամարդիկ են կարծում, որ այդ հարցում իրենք «ամենազոր են», «պրոբլեմ չունեն» ու կանանց գցեում են դռնեդուռ` այս հիվանդանոցից այն հիվանդանոց, այս բժշկի մոտից մեկ այլ բժշկի մոտ: Սակայն տղամարդը կարող է ընդամենը մեկ անալիզ հանձնել ու ամեն ինչ պարզ կդառնա: Ինչո՞ւ չի դիմում հայ տղամարդը բժշկի: Ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ տղամարդը, որոնք բերում է են անպտղության: Այս և այլ հարցերի վերաբերյալ Panorama.am զրուցել է «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Ֆանարջյանի հետ:
-Պարոն Ֆանարջյան, ինչ են փաստում վիճակագրական տվյալները` անպտղության դեպքերն ավելացե՞լ են: Երբ կարելի է զույգերին համարել անպտուղ: Ամուսնական զույգերի անպտղության պատճառների քանի՞ տոկոսն է տղամարդկանց, քանի՞ տոկոսը կանանց մոտ առկա առողջական խնդիրներով պայմանավորված:
-Զույգերին կարելի է անպտուղ համարել, երբ առանց հակաբեղմնավորիչների 1-2 տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում կնոջ մոտ բացակայում է հղիությունը: Հիմնվելով մեր պրակտիկայի վրա` միանշանակ կարող եմ ասել, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է անպտղության դեպքերի նկատելի աճ, ինչը բավականին մտահոգիչ է:
Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում: Սակայն պետք է ասեմ, որ 40 տոկոս անպտղության պատճառները հենց տղամարդու մոտ են, 40 տոկոսը` կանանց: Մնացած 10-20 տոկոսն այն հիվանդություններ են, որոնք հանդիպում են և կանանց և տղամարդկանց մոտ զուգահեռ: Շատ դեպքերում հանդիպում ենք ամուսնալուծության եզրին կանգնած ընտանիքների, միայն այն պատճառով, որ տղամարդիկ չեն ուզում ընդունել, որ խնդիրը կարող է նաև իրենց մոտ լինել: Կամ գիտակցում են, բայց ամաչում են դիմել ուրոլոգներին:
-Հիմնականում մենա՞կ են գալիս տղամարդիկ Ձեզ մոտ, թե …: Ու գերակշիռը տարիքային ո՞ր խմբի տղամարդիկ են դիմում Ձեր օգնությունը:
-Գալիս են հիմնականում իրենց կանանց հետ: Հասկանալի է, որովհետև հենց նրանք են ստիպում, որ տղամարդիկ գան հետազոտման: Ընդհանրապես, մեր տղամարդկանց մոտ մի տեսակ բացակայում է առողջությանը, առողջ ապրելակերպին հետևելու սովորույթը: Այնինչ, տղամարդը պետք է տարին գոնե մեկ անգամ հետազոտվի, հանձնի սեռավարակներ, սերմի անալիզ թեկուզ, եթե ամուսնացած չէ` պարզելու համար, եթե ամուսնանա` կհղիացնի կնոջը: Նման առողջ սովորույթներ դեռ այնքան էլ զարգացած չեն: Պատճառը` կամ ամաչում են, կամ էլ վստահ են, որ իրենք չեն կարող առողջական խնդիրներ ունենալ: Ինչ վերաբերում է տարիքային խմբին, հիմնականում երիտասարդներն են մեր օգնությանը դիմում: Բայց շատ են լինում նաև ուշացած դեպքերը:
-Որո՞նք են տղամարդկանց անպտղության պատճառները:
-Անպտղության պատճառները բազմաթիվ են` սերմնաբջիջների ձևավորման պրոցեսի խանգարումները, ինֆեկցիաներ, սերմնաբջիջների շարժունակության արատները, դրանց կենսունակության ցածր մակարդակը, շագանակագեղձի սուր բորբոքումները, սերմնալարի երակների լայնացում և կրիպտորխիզմը: Կան նաև նպաստող հանգամանքներ, ինչպիսիք են, այսպես ասած վատ սովորույթները` մասնավորապես ծխելը, խմելը, ոչ ճիշտ սննդակարգը և այլն: Ալկոհոլն, ի դեպ, ազդում է սերմի քանակի, ամենակարևորը` շարժունակության վրա` բերելով անպտղության:
-Ի՞նչ եղանակներով են բուժվում տղամարդկանց անպտղությունը:
-Անպտղությունը կարելի է բուժել դեղորայքի օգնությամբ կամ վիրահատական ճանապարհով: Նախ հետազոտում ենք տղամարդուն` պարզելու համար` ունի սպերմատազոիդ, թե ոչ: Դեղորայքային բուժման ժամանակ նշանակում ենք հաբեր, որոնք ավելացնում են սպերմատազոիդի քանակը, բարձրացնում որակը:
Եթե ունենում է, բայց ֆիզիոլոգիական ճանապարհով չի կարողանում հղիացնել կնոջը, սպերմատազոիդը վերցվում է ու արհեստական բեղմնավորում արվում:
Եթե արտադրվում է սպերմատազորիդ, բայց դուրս չի գալիս, ապա սա կնշանակի, որ այդ ճանապարհին կա փակ հատված: Հետազոտում ենք, գտնում այդ հատվածը, հեռացնում այն միկրովիրաբուժական մեթոդներով: 80-90 տոկոս դեպքերում վիրահատությունից հետո սերմնահեղուկի մեջ գտնում ենք սպերմատազոիդներ, իսկ նրանցից 50 տոկոսի մոտ վիրահատությունը տալիս է ցանկալի արդյունքներ: Սա բավականին բարձր ցուցանիշ է: Գնային առումով, եթե համեմատենք արհեստական բեղմնավորման հետ` անհամեմատ ավելի էժան է: Այս վիրահատությունը վաղուց է արվում, պարզապես շատ-շատերը կամ տեղյակ չեն այս մեթոդի մասին, կամ էլ ուղղակի չեն պատկերացնում արդյունավետությունը որքան բարձր է:
-Ի՞նչ խորհուրդ կտաք «ամաչկոտ», նաև` ինքնավստահ հայ տղամարդկանց:
-«Здоровье нyжно беречь смолоду»: Երիտասարդները պետք է ավելի լուրջ հետևեն իրենց առողջությանը, ուշադիր լինեն, հնարավորիս առողջ ապրելակերպ վարեն: