Տեր-Պետրոսյանը կարձագանքի՞ Ազատության հրապարակում սկսված շարժմանը
Այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու ՀՀՇ արտահերթ համագումարը: Համագումարի անցկացման մասին ՀՀՇ վարչությունը որոշում էր կայացրել փետրվարի 8-ին: Օրակարգում «ՀԱԿ» կուսակցությանը միանալու հարցն է: Ըստ «Հայկական ժամանակ»-ի որոշ տեղեկությունների, ՀՀՇ արտահերթ համագումարում ելույթ է ունենալու նաև Տեր-Պետրոսյանը: Թե ինչ որոշում կընդունվի այս համագումարում «ՀԱԿ» կուսակցության վերաբերյալ, խիստ կանխատեսելի է: Սակայն հետաքրքիրը ոչ թե դա է, այլ այն, թե արդյոք իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը կարձագանքի Ազատության հրապարակում սկսված նոր շարժմանը, որը կրկին հետընտրական բնույթ ունի և, որի նպատակը կրկին նախագահական ընտրությունների իրական արդյունքների արձանագրումն է, երկրում օրինական, ժողովրդի կողմից ընտրված իշխանության հաստատումը:
«Հիշեցնենք, որ 2008-ի շարժման ողջ ընթացքում հասարակության տարբեր շերտերի կասկածները փարատելու համար, հնչում էր հավաստիացում, որ դա անձերի համար տարվող պայքար չէ, և հարթակում կանգնած լիդերը գործիք է արդարությունն ու օրինականությունը վերականգնելու ճանապարհին: 2013-ի Ազատության հրապարակի խնդիրը նույնն է, փոխվել են միայն անձերը»,-գրել է թերթը: