ԱՄՆ-ն Իրանին առաջարկում է «5+1» խմբի շրջանակներում երկկողմ բանակցություններ անցկացնել
Եթե Իրանը ցանկանա, ապա Թեհրանը և Վաշինգտոնը կարող են երկկողմ բանակցություններ անցկացնել:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակ Վիկտորյա Նուլանդը:
Համաձայն հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով փետրվարի 26-ին Ղազախստանում Իրանի և «5+1» խմբի միջև կայանալիք բանակցություններին, նշել է, որ եթե Իրանը ցանկանա, ապա այդ հանդիպման շրջանականերում Թեհրանը և Վաշինգտոնը կարող են երկկողմ բանակցություններ անցկացնել:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ի պատասխան ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում հնչած հայտարարությանը, թե Վաշինգտոնը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ ուղղակի բանակցություններ վարել, մասնավորապես նշել է. «Ես դիվանագետ չեմ, ես հեղափոխական եմ. իմ խոսքը պարզ է և դիպուկ: Դուք՝ ամերիկացիներդ, զենքը պահել եք մեզ վրա և ասում. «կամ բանակցում եք, կամ կրակում ենք»: Լավ իմացեք, ճնշումն ու բանակցությունները միմյանց հետ չեն զուգակցվում»:
Իսկ ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, անդրադառնալով Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անցկացված ուղղակի բանակցությունների մասին տեղեկատվությանը, մասնավորապես նշել էր. «Ես ոչ Օմանում, ոչ էլ այլ երկրում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեմ անցկացրել: Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը գտնվում է հոգևոր առաջնորդի լիազորությունների ներքո. Ալի Խամենեին մինչ այժմ որևէ մեկին ԱՄՆ-ի հետ բանակցելու թույլտվություն չի տվել»:
ԻԻՀ սահմանադրության համաձայն՝ հոգևոր առաջնորդը հանդիսանում է երկրի ԶՈւ գերագույն հրամանատարը և նրա լիազորությամբ է մշակվում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:
Նկատենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի և «5+1» խմբի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ Ղազախստանում
ԻԻՀ հոգևոր առաջնորդը՝ ԱՄՆ-ին. Զենքը պահել եք Իրանի վրա և ցանկանում եք բանակցել