«Ալիևագիտություն». Գիտական նոր ճյուղ` Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում
«Ե՞րբ կարող է նախագահի կյանքը դառնալ նոր գիտության հիմք: Կարելի է ենթադրել՝ այն ժամանակ, երբ այդ երկրի Գիտությունների ակադեմիան «Ալիևագիտության» բաժին է բացում», - գրում է «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի գլխավոր կայքէջն, անդրադառնալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում նոր գիտական ճյուղի՝ «Ալիևագիտության» զարգացմանը:
Նշվում է, թե նորահայտ գիտության ուսումնասիրության առարկա է հանդիսանում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ողջ կյանքն ու գործունեությունը, որին իրենց անձնուրաց նվիրվածութունն են բերել 13 ակադեմիկոսներ:
Հետազոտողներն այժմ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում ջանասիրաբար ուսումնասիրում են արխիվային փաստաթղթեր, որոնք ներառում են ամենայն մանրամասներ Հեյդար Ալիևի 80-ամյա կյանքից:
Հետազոտությունն ամփոփվելու է երկու հաստափոր հատորում, դրանցից առաջինը, որը ներառում է «համազգային առաջնորդի» գործունեությունը 1993-2003 թթ-ին, այժմ գտվում է տպարանում: Երկրորդ հատորը լուսաբանում է Ալիևի առավել վաղ շրջանի գործունեությունը, մասնավորապես, աշխատանքը ԽՍՀՄ ՊԱԿ-ում: Հետազոտությունն հասարակության դատին է ներկայացվելու գալիք մայիսին՝ Ալիևի ծննդյան 90-ամյա տարելիցի տոնակատարությունների ժամանակ:
«Երբ աշխատանքն ավարտվի, ցանկալի կլինի, որ այն ներառվի դպրոցական ուսումնական ծրագրերում», - լրագրողի հետ զրույցում հայտնել է ԳԱԱ «Ալիևագիտության» բաժնի ղեկավար Ադալեթ Քասիմովն ու հավելել, թե անհրաժեշտ է հատուկ դասընթացներ կազմակերպել նաև համալսարաններում: Նշվում է, թե չնայած այն հանգամանքին, որ որոշ դպրոցներում ու ինստիտուտներում գործում են Ալիևի անվան կենտրոններ, այնուհանդերձ «Հեյդար Ալիև երևույթը ուսումնասիրելու համար դասախոսությունների կարիք կա»:
Քասիմովի խոսքով, ուսումնական ծրագրերում ներառվելու դեպքում իրենք պատրաստ են մեթոդաբանական ուղղություններ տալ դասախոսական և ուսուցչական կազմին՝ առարկան ճիշտ դասավանդելու նպատակով:
Լրատվամիջոցը Քասիմովից հետաքրքրվել է, թե որպես ցանկացած գիտություն, արդյո՞ք Ալիևագիտությունը ևս ներառում է քննադատական վերլուծություն կամ որևէ վիճահարույց ասպեկտ:
«Քննադատել կարելի է նրան, ով դրան արժանի է: Ինձ համար, Ալիևը միշտ ծառայել է իր երկրին: Եթե համեմատենք Ադրբեջանի այլ առաջնորդների հետ, չկա մի բան, որի համար կարելի էր քննադատել նրան: Մեր հետազոտությունների ընթացքում նման բան չենք հանդիպել», - եզրափակել է Քասիմովը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում