Արամ Սարգսյան. Դեմկուսը չի կարող պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանին
«Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին Հայաստանի դեմոկրատկան կուսակցությունը չի կարող պաշտպանել մի քանի պատճառով. նախ և առաջ` հարցազրույցներից պարզ է դառնում, որ նա արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն է ցանկանում կատարել, իսկ դա ազդելու է ազգային անվտանգության համակարգի վրա:
Ասուլիսում իրենց կուսակցության դիրքորոշումը ներկայացրեց կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը:
Ըստ նրա, Ր. Հովհաննիսյանին ձայն տված քաղաքացիների մեծամասնությունը ուղղակի դժգոհ են այս իշխանություններից:
Ա. Սարգսյանի խոսքով, իրենք զգուշացրել էին երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին, որ հարկավոր են համակարգային փոփոխություններ, քանի որ այս համակարգի պայմաններում որևէ արմատական փոփոխություն հնարավոր չէ իրականացնել:
Ա. Սարգսյանին զարմացրել էր նաև նախընտրական շրջանում կառավարության արած այն հայտարարությունը, որ այս տարի թոշակները չի բարձրանալու, կամ այն օրենսդրական փոփոխությունները, որոնք ավելացրեցին ատամնաբույժների հարկային բեռը, տաքսիստների դժգոհությունները: «Դրանք խելքո՞վ են մտածել, թ՞ե համապատասխան ուրիշ տեղով: Չեմ հասկանում, իրենք ուզո՞ւմ էին շահել այս ընտրություններում, թե՞ ոչ»,- հարցադրում է անում դեմկուսի առաջնորդը:
Նա նաև նշեց, որ Ր. Հովհաննիսյանը հաղթել է այն քաղաքներում, որտեղ մեծ ազդեցություն է ունեցել ԲՀԿ-ն:
Ա. Սարգսյանը Ր.Հովհաննիսյանին բնորոշեց որպես փորձառու, միաժամանակ անփորձ քաղաքական գործիչ. «Անփորձ է, քանի որ չի եղել այսպիսի իրավիճակներում, չգիտի` ինչպես պետք է պատրաստվի, փորձառու է, քանի որ քսան տարի է քաղաքականությամբ է զբաղվում»:
Ա. Սարգսյանի կարծիքով, բարդ դերակատարում է լինել ընդդիմության առաջնորդ: Նա նշեց, որ Հայաստանի 23 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ ոչ ոք չկարողացավ դրան դիմակայել` ոչ Վազգեն Մանուկյանը, ոչ Ստեփան Դեմիրճյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը` «փորձառու աղվեսը»: «Հիմա հերթը Րաֆֆի Հովհաննիսյանին է. եթե կարողանա այդ դերակատարությունը ճիշտ կազմակերպել, այդ դեպքում հնարավոր է, որ նոր քաղաքական իրավիճակ ձևավորվի, եթե ոչ, նույնն բանն է լինելու: Այսինքն, կկարողանա՞ ճիշտ իրականացնել իր դերակատարումը, կկարողանա՞ ճիշտ հաշվարկներ անել ու տեսնել, որ ճանապարհն է ճիշտ»,- ասաց Ա. Սարգսյանը:
Նա կարծում է, որ Ր. Հովհաննիսյանի «Բարև, ինչպես ես» իր ազդեցությունն ունեցել է, բայց դա, նրա դիտարկմամբ, քաղաքական կատեգորիա չէ. քաղաքական կատեգորիան այն է, որ, իրոք, ժողովուրդն ընտրում է կամ ձախ կենտրոնամետ ուժերի գաղափարախոսությունն ու ծրագիրը կամ աջ: «Այստեղ նման մոտեցում չկա: Մարդիկ ուղղակի բողոքում են իշխանություններից»,- ընդգծեց նա:
ՀԴԿ-ն ընտրությունների վերաբերյալ դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել. սպասում է ԿԸՀ վերջնական արդյունքների հրապարակմանը:
Հիշեցնենք, որ նախքան ընտրությունները կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ :
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում