«Վարորդները ենթարկվում են պատասխանատվության բազմաթիվ խախտումներով». «Աքիլլես» ՀԿ
Վարորդների իրավունքների պաշտպանության հարցն արդիական է, քանի որ ներկայումս վարորդները ենթարկվում են պատասխանատվության բազմաթիվ խախտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլլես ավտովարորդների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Անդրադառնալով խախտումներին, Է.Հովհաննսիյանը առանձնացրեց հաճախ հանդիպողները, մասնավորապես այն, որ ավտոտեսուչը պետք է վարորդին կանգնեցնի ցուցաձողով կամ բարձրախոսով, սակայն վարորդին կանգնեցնում են կամ լապտերը միացնել-անջատելով, կամ ձեռքի թափահարումով: Բացի այդ, ինչպես կարգն է՝ տեսուչը պետք է մոտենա վարորդին, մինչդեռ շատ ժամանակ սպասում է, որ վարորդն ինքը մոտենա:
Է.Հովհաննիսյանը նշեց նաև, որ շատ հաճախ խախում կատարած վարորդին չեն թողնում ստորագրել տեսուչի արձանագրության տակ՝ ասելով, որ «ակտը» հետո կստանան: Սակայն վարորդի հեռանալուց հետո տեսուչը արձանագրության մեջ լրացումներ է կատարում, իսկ հետո գրում է, թե վարորդը հրաժարվել է այն ստորագրելուց: Բացի այդ, ըստ նրա, արձանագրությունը պետք է կազմվի երկու օրինակից. երկրորդ օրինակը պետք է տրվի վարորդին, որը, օրենքով թույլատրվում է:
«Օրենքի համաձայն՝ վարորդն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին: Դրա համար վարորդը պետք է զգոն լինի` արձանագրության մեջ նշի, որ ինքը համաձայն է կամ համաձայն չէ տվյալ խախտման հետ»,- ասաց Է.Հովհաննսիյանը:
«Աքիլլես ավտովարորդների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահի խոսքերով՝ նամակով դիմել են ՀՀ ոստիկանապետին: Վարորդների իրավունքների և ճանապարհային ոստիկանության տեսուչների հետ հարաբերություններում առկա թերությունների վերաբերյալ 10-ից ավելի հարցեր են ուղղել ոստիկանապետին, սակայն բոլոր հարցերին, ըստ Է.Հովհաննիսյանի, տրվել է բացասական պատասխան: «Հիմա այդ պատասխանը ուղարկելու ենք վարչապետին»,- նշեց նա: