Ս. Մինասյան. Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրել է երկարաժամկետ քաղաքական պայքարի ճանապարհը
«Այս պահին մենք ունենք այնպիսի իրավիճակ, երբ գործող նախագահը հաղթել է ընտրություններում, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն ավանադաբար չի ճանաչում ընտրությունների արդյունքները: Բայց մյուս կողմից 1996թ-ից հետո առաջին անգամ ընտրություններում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թեկնածուները ոչ թե հայհոյում են իրար, ուժային մեթոդների են դիմում, այլ հանդիպում և կատակում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հետընտրական զարգացումներին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա դիտարկմամբ, այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կողմնակիցները փորձում են կապիտալի վերածել այն ռեսուրսները, որ նրանք ձեռք են բերել նախագահական ընտրություններում ստացած քվեներով՝ հետագա լուրջ քաղաքական պայքարում օգտագործելու համար:
Քաղաքագետը նկատեց, որ հետխորհրդային երկրներում հետընտրական գործընթացները կարող են ունենալ երեք ընդհանուր բնույթ. առաջին՝ պարտված թեկնածուն ճանաչում է ընտրությունների արդյունքները և շնորհավորում հաղթող թեկնածուին, երկրորդը գունավոր հեղափոխությունների տարբերակն է, որից, ըստ բանախոսի, Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլերով խուսափում է, և երրորդը՝ երկարաժամկետ քաղաքական պայքարն է:
«Այն հանգամանքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց գործող նախագահի հետ, նաև որոշակի լեգիտիմություն ավելացրեց գործող նախագահին: Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին ընտրել է երրորդ տարբերակը՝ սկսել երկարաժամկետ քաղաքական պայքար և այդ պայքարը օգտագործել առաջիկա քաղաքական զարգացումներում՝ լինի դա Երևանի քաղաքապետի ընտրությունները, թե տեսական առումով հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան