Նախագահի ընտրությունների վերաբերյալ պատգամավորները քննարկում կկազմակերպեն, հավանաբար, արտահերթ
Ազգային ժողովում նիստի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում «Ժառանգություն», Հ.Յ. Դաշնակցություն և Հանրապետական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում Ռուբիկ Հակոբյանը առաջարկել է նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ քննարկումը կազմակերպել ԱԺ արտահերթ նիստում:
Այդ մասին ԱԺ նախագահի մոտ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:
«Առայժմ արտահերթ նիստի մասին հարցը պետք է քննարկեն ղեկավար մարմիններում, բայց մենք, ինչպես նաև Դաշնակցությունը գտնում ենք, որ խորհրդարանը պետք է անդրադառնա այս կարևորագույն հարցին», -հավելեց Հակոբյանը:
Նրա խոսքով, երկրում հետընտրական այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ԱԺ-ն «իրավունք չունի» անդրադառնալ այդ հարցին: Հակոբյանը ակնկալիքների մասին ոչինչ չասաց, ուղղակի նշեց, որ «ժողովուրդը այս քննարկումից միայն կշահի»: Հակոբյանի կարծիքով, կողմերը նախագծեր կներկայացնեն ու վերջում որոշակի դիրքորոշում կհայտնի: «Լավ կլինի որ այդ դիրքորոշումւը միասնական լինի», -հավելեց Հակոբյանը:
Հանդիպմանը ներկա Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ կքննարկեն խմբակցությունում և մի քանի օր հետո միայն կորոշեն` համաձայնե՞լ արտահերթ նիստ հրավիրել, թե՞ ոչ: «Նախ պետք է հստակ որոշենք քննարկվող նյութը, այդ նյութի արժեքները և այնուհանդերձ պետք է փաստաթուղթ լինի, որ քննարկելի դարձնենք: Իսկ քննարկելուն կողմ ենք», -հավելեց Սահակյանը:
Ընտրությունների վերաբերյալ քննարկման համար արտահերթ նիստ հրավիրելուն կողմ է նաև Դաշնակցություն խմբակցությունը: Առայժմ դիրքորոշում չի հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, քանի որ վերջիններն այսօր ներկա չէին ԱԺ նիստին: Նշենք, որ դեռ նիստի մեկնարկին նախագահի ընտրությունների վերաբերյալ քննարկման անհրաժեշտությունն ընդգծել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են