Յուրա Մովսիսյան. «Հարազատ երկրի ազգային թիմում կարելի է խաղալ միայն սրտով»
«РБК Daily»-ի թղթակցին տված հարցազրույցում Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մասին:
«Ես 12 տարեկանից ապրում եմ ԱՄՆ-ում և կարող էի ընտրել այդ երկրի հավաքականը, սակայն որոշեցի հանդես գալ Հայաստանի հավաքականում, քանի որ հայ եմ: Հարազատ երկրի ազգային թիմում կարելի է խաղալ միայն սրտով: Դու պետք է խաղաս մարդկանց ու հայրենիքի համար: Իմ սիրտը տրված է Հայաստանին, և միշտ ձգտել եմ խաղալ իմ հայրենիքի հավաքականում:
Գիտեք, ինձ թվում է` հիմա մենք լավ սերունդ ունենք: Բոլորս էլ շատ երիտասարդ ենք, կան շատ խաղացողներ, ովքեր ֆանտաստիկ խաղ են ցուցադրում: Կարծում եմ` մեր թիմը շատ երկար առաջ կգնա և կարող է կարգին «աղմկել»:
Ես ու Հենրիխ Մխիթարյանը լավ ընկերներ ենք: Շատ ենք շփվում: Այո, նա գերազանց ֆուտբոլիստ է և մեր աչքերի առջև վերածվում է համաշխարհային աստղի: Ես ընդհանրապես կասեի, որ նա ինձ հանդիպած բոլոր ֆուտբոլիստներից ամենապրոֆեսիոնալն է: Նրա մոտեցումն աշխատանքին, նրա նվիրվածությունը. դրանք նրա հարստությունն են: Բայց ունենալով նման որակներ` նա, միևնույն է, սովորական նորմալ տղա է»,- նշել է Յուրա Մովսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում