Վալերի Բուայե. «Երբեք այլևս Թուրքիա չեմ գնա»
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, թուրքական «Ջիհան»(CHA) լրատվական կայքին տված հարցազրույցում նշել է, որ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդին ցեղասպանության ժխտումը քրեականացնող 2 նոր օրինագիծ է ներկայացրել և առաջարկել է այս խորհրդի աշխատանքները ուսումնասիրող մի հանձնաժողով ստեղծել :
Բուայեն, նշելով թե YouTube-ում իրեն ուղղված հայհոյանքներ պարունակող հարյուրավոր տեսանյութեր կան, ասել է. «Լավ է, որ թուրքերեն չեմ հասկանում, սակայն ֆրանսերեն սպառնալիքներ էլ եմ ստանում: Մի որոշ ժամանակ ստիպված եմ ապրել ոստիկանության հսկողության տակ: Նախկինում գնացել եմ Թուրքիա, սակայն այլևս չեմ գնա, եթե նույնիսկ կառավարությունը անվտանգության երաշխիքներ տա: Գիտակցում եմ, որ Թուրքիայում կյանքիս անվտանգությունը ապահովված չի լինի: Ինձ և ընտանիքիս վտանգի տակ չեմ դնի»:
Ֆրանսիացի պատգամավորը հայտնել է, որ այդ սպառնալիքները իրեն չեն ստիպի հետքայլ անել և հույս ունի, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահը, ով այս հարցում Սարկոզիի հետ համակարծիք է, կկատարի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի վերաբերյալ նախընտրական շրջանում տված խոստումները:
Բուայեն, պատասխանելով «Ջիհանի» այն հարցին, թե Խոջալուի դեպքերի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ասել է. «Ադրբեջանը նավթի և փողի ուժով միջազգային հանրությանը սխալ տեղեկություններ է հրամցնում: Մարդասպանին հերոսացնող պետության խոսքերին ինչպե՞ս կարող եք հավատալ»:
Բուայեն նշել է, որ Ղարաբաղ այցելելու համար իրեն «պերսոնա նոն գրատա» են հայտարարել:
Հայտնելով, որ ինքը կտրականապես դեմ է Թուրիքայի` ԵՄ անդամակցությանը, Բուայեն ասել է, թե Թուրքիան ոչ աշխարհագրական ոչ էլ մշակութային տեսակետից ԵՄ մասը կազմել չի կարող:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան