ԱԺ նախագահը` Փաշինյանին. Ճգնաժամ չկա
Ազգային Ժողովի այսօրվա նիստը ևս զուրկ չէր բողոքավոր նոտաներից. ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, թեև նախօրեին խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որ խմբակցությունը չի մասնակցելու այս քառօրյային, դարձյալ ներկայացել էր նիստի: Վարման կարգով խոսք ստանալով Ն.Փաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացք ունի իր երեկվա առաջարկությունը: Իսկ բացի այս կրկնեց նախօրեին ընդունած որոշումը՝ չի քվեարկելու որևէ հարցի շուրջ, քանի որ իրավիճակի հետ կապ չունեցող քննարկումները ծանրացնում են առկա ճգնաժամը:
Արձագանքելով Ն.Փաշինյանին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախ, հայտարարեց, թե չի կիսում վերջինիս կարծիքը և որևէ ճգնաժամ չկա: Իսկ ինչ վերաբերում է վերջինիս առաջարկին, ապա. ««Ժառանգության» և ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ նախօրեին քննարկել ենք, փորձելու են ինչ-որ ձևաչափ գտնել: Այս մասին վերջնական քննարկում կկազմակերպվի այսօր»,-Փաշինյանին տեղեկացրեց ԱԺ նախագահը:
Նա նաև ավելացրեց, որ ԱԺ քարտուղարությունը դեռ հստակ չի պայմանավորվել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, քանի որ վերջինս զբաղված է, բայց հենց պայմանավորվածությունը լինի, այդ մասին կտեղեկացվի:
Հիշեցնենք, նախօրեին ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ առաջարկությամբ, որպեսզի խորհրդարանը նախագահի ընտրությունների վերաբերյալ քննարկում անցկացնի: Ավելի ուշ ԱԺ նախագահը հանդիպեց «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները