Դավութօղլուն` Խոջալուի դեպքերի մասին
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական «YeniŞafak» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Խոջալուի դեպքերին:
Դավութօղլուն, մասնավորապես նշելով, որ Խոջալուի դեպքերը 2 կողմ ունեն, ասել է.
«Առաջինը՝ մարդկայինն է: Սառը պատերազմից հետո տեղի ունեցած մարդկային ողբերգություններից մեկը Սերեբերնիցայի կոտորածն է, մյուսը՝ Խոջալուի: Երկու դեպքում էլ քաղաքացիական բնակչության նկատմամբ բացեիբաց բռնությունն է կիրառվել: Այս առումով, ցավոք սրտի, մարդկային տեսանկյունից միջազգային հասարակությունը 2 դեպքն էլ անարձագանք է թողել:
Երկրորդը՝ հարցի դիվանագիտական կողմն է: Իրականում այս լռությունը ակնհայտորեն արտացոլում է միջազգային հասարակության հաճախ հանդիպող երկակի ստանդարտները: Մենք ևս մեկ անգամ ոգեկոչում ենք Խոջալուի դեպքերի ժամանակ զոհված մեր եղբայրների հիշատակը և հաստատակամ ենք Ադրբեջանի հողերի բռնազավթմանը վերջ տալուն ուղղված մեր ջանքերը շարունակելու գործում»:
Հիշեցնենք, որ 1992 թ.-ի փետրվարի 26-ին, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մերձակայքում չպարզված հանգամանքներում զոհվել են 200-ից 300 մարդ (համաձայն միջազգային Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների, իսկ Ադրբեջանի կողմից քարոզվող տարբերակով, զոհվել է ավելի քան 600 մարդ), ովքեր Ադրբեջանի իշխանության կողմից միտումնավոր կերպով պահվել են ռազմական գործողությունների կիզակետում: Խոջալուի բնակչությունը մի քանի ամիսների ընթացքում ստիպողաբար մնացել է բնակավայրում և Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր կերպով չի տարհանվել՝ հետագայում նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակչությունը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից առանձնացված հումանիտար միջանցքով դուրս է եկել բնակավայրից, առանց որևէ խոչընդոտների անցել է ավելի քան 10 կմ և հասել է մինչև ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամ քաղաքը: Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերին բավական մոտ գտնվող հատվածում հայտնաբերվել են զոհվածների մարմինները: Զոհվածների իրական քանակը հայտնի չէ, քանզի պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Խաղաղ բնակիչների այս ողբերգական զոհերի հետաքննության համար ստեղծված Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Հեյդար Ալիևի հրամանով լուծարվել է, իսկ հետաքննությանը վերաբերվող նյութերը սկսել են գաղտնի պահվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում