«Սաֆարովի հերոսացմամբ Ադրբեջանը ճանաչեց հայության նկատմամբ իրագործված ցեղասպանությունը»
«Մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացմամբ Ադրբեջանի ղեկավարությունը ճանաչեց ադրբեջանահայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության պատասխանատվությունը»: Սումգայիթյան ոճրագործության 25-րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
«Մենք պետք է ճչանք Սումգայիթում մեր ցեղասպանության վերաբերյալ ամեն հարմար պահի: Լռելու ժամանակը վաղուց ավարտվել է: Այս քաղաքականությանը չարդարացրեց իրեն այս 25 տարիների ընթացքում, քանի որ մենք մեր ցավի հետ մնացինք միայնակ»,- նշեց Գրիգորի Այվազյանը:
«Մենք հանդիպում ենք այսօր ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձից անմիջապես հետո, Խոջալուի առասպելի օրը, Սումգայիթյան ցեղասպանության տարելիցի նախաշեմին: Այս երեք իրադարձությունները սերտորեն շաղկապված են միմյանց հետ: Ղարաբաղյան շարժման համար ադրբեջանահայությունը վճարել է շատ թանկ գին: Իսկ Խոջալուի առասպելը Ադրբեջանի ղեկավարությունը հորինեց սեփական հանցանքը քողարկելու համար»,- հավելեց բանախոսը:
Գ. Այվազյանի խոսքերով, ներկայումս ադրբեջանահայության շահերի և իրավունքների համար պայքարը թևակոխել է որակապես նոր փուլ և հասունացել է այն պահը, երբ Ադրբեջանը պետք է պատասխան տա իր գործած ոճիրի համար, ինչպես նաև փոխհատուցի ադրբեջանահայերի կրած նյութական և բարոյական վնասները:
Բանախոսը նշեց, որ Ասամբլեան ադրբեջանահայերի դեմ իրականացված գործողությունը ցեղասպանություն ճանաչելու պահանջով արդեն դիմել է ՀՀ օրենսդիր մարմնին և ԱԺ ներկայացրել այդ հարցի վերաբերյալ փաստաթղթերի համապատասխան փաթեթ: