Ինչո՞ւ է ձուն թանկացել. ՏՄՊՊՀ-ն փորձում է պարզել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձվի շուկայի նկատմամբ խստացրել է վերահսկողությունը. այսօրվանից ՏՄՊՊՀ-ն անցնում է ամենօրյա մոնիտորինգի: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը:
Նրա խոսքերով՝ Երևանի սուպերմարկետներում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր տնտեսվարողների մոտ նկատվում է ձվի 1-2 դրամ թանկացում: «Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կիրականացնի ամենօրյա մոնիտորինգ՝ նախկինում
շաբաթական երեք անգամի փոխարեն, որպեսզի շուկան լիովին պահենք մեր վերահսկողության տակ»,- ասաց Գ.Սահակյանը:
Միաժամանակ, ըստ նրա, ձվի արտադրությամբ զբաղվող ընկերություններից ամենօրյա կտրվածքով Հանձնաժողովը տեղեկատվություն է պահանջել՝ արտադրության ծավալների, իրացման և պահեստներում առկա պաշարների մասին:
Գ.Սահակյանը նշեց, որ չեն կարող կանխատեսումներ անել, թե ձվի թանակցումը արդյոք կապ ունի Սուրբ Զատիկի տոնի հետ, սակայն, ըստ նրա, իրենց մասնագետները գտնում են, որ միջազգային շուկայում կան որոշակի գնային տատանումներ՝ կապված կոմբիկերի հետ:
«Բայց այս պահին որևէ գնահատական չենք կարող տալ մինչև նրանք չներկայացնեն իրենց համապատասխան հիմնավորումները: Մենք էլ մեր կողմից կկատարենք ուսումնասիրություններ, որից հետո միայն արդյունքները պարզ կդառնան: Սակայն պետք է նշեմ, որ Հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է պահում ձվի շուկան և բացի ամենօրյա դիտանցումներից, նաև ուսումնասիրում ենք միջազգային գները, տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես նաև իրացման ծավալները»,- նշեց Գ.Սահակյանը:
Նրա խոսքերով՝ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրություններով Զատիկին ընդառաջ ձվի պահանջարկը ավելանում է, և դրա հետ կապված նախորդ տարիներին հավկիթի գնի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացել են, սակայն վերջին երկու տարիներին գնային փոփոխություններ չեն եղել: Նա հույս հայտնեց, որ այս տարի էլ էական տատանումներ չեն լինի:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի կողմից գերիշխող դիրք գրավող են ճանաչվել «Արաքս թռչնաֆաբրիկա», «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» և «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները