Պետք չէ խուճապի մատնվել, H1N1 վիրուսն այլևս չունի նախկին ագրեսիվությունը. Լիանա Թորոսյան
Թեև Հայաստանում խոզի գրիպի հետևանքով մահվան երկու դեպք է գրանցվել, սակայն մասնագետները պնդում են, որ Հայաստանում այսօր խոզի գրիպի համաճարակ չկա: «Այս պահին ծանր դեպքեր չունենք»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքերով` այն հիվանդները, ովքեր միջին ծանրության էին, արդեն իրենց լավ են զգում, այդ թվում նաև՝ ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան: «Պետք չէ խուճապի մատնվել, թեև H1N1 հարուցիչը չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը, այսինքն` վիրուսն այլևս չունի նախկին ագրեսիվությունը, այդուհանդերձ քաղաքացիներին կոչ եմ անում զգոն լինել»,- ասաց Լ. Թորոսյանը:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ելնելով մի շարք հետազոտությունների արդյունքներից, դեռևս 2010 թվականից այսպես կոչված խոզի գրիպը` գրիպի Ա տեսակի H1N1պնդ ենթատեսակը, դասում է մարդկային սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ ԱՀԿ-ի տվյալներով, յուրաքանչյուր տարի սեզոնային գրիպի տարբեր տեսակներից (այդ թվում` Ա H1N1պնդ ենթատեսակից) աշխարհում մահանում է 3-5 մլն մարդ, որը կազմում է մահվան ընդհանուր դեպքերի գրեթե 1-2 տոկոսը:
Լիանա Թորոսյանի խոսքերով` գրիպի ցանկացած տեսակից կամ ենթատեսակից մարդկանց մոտ կարող են բարդություններ առաջանալ` կապված մարդու առողջական առանձնահատկություններից: «Հիշեք, որ 2010թ-ից խոզի գրիպը դիտարկվում է Ա տեսակի H1N1պնդ ենթատեսակ, այսինքն` այն համարվում է մարդկային սեզոնային գրիպի ենթատեսակ: Այդուհանդերձ, մեկ անգամ ևս բնակչությանը զգուշացնում եմ` մրսածության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անմիջապես դիմել բժշկի»,- նշեց նա:
Հարցին, թե արդյոք սահմանային անցակետերում վերահսկողություն իրականացվում է, Լ.Թորոսյանը պատասխանեց. «Բացարձակ դրա անհրաժեշտությունը չկա: Նման միջոցառումներ իրականացվում է, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսը դիտարկում է որպես համաճարակ, բայց ներկայումս նույնիսկ այդ մասին մտածելն անիմաստ է»:
Մասնագետները հավաստիացնում են, մեր երկիրը ապահովված է գրիպի վիրուսի դեմ անհրաժեշտ բոլոր տեսակի դեղամիջոցներով. դրանք բոլոր հիվանդներին տրամադրվում են բժշկի ցուցումով և անվճար:
Հիշեցնենք, որ հանրապետությունում արձանագրվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից մահվան 2 դեպք, որոնք, ըստ ԱՆ-ն, պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով։ Նրանցից մեկը` 42-ամյա տղամարդը գրիպանման երևույթներ` հազ, կոկորդի ցավ, բարձր ջերմություն, ունեցել է դեռևս հունվարից, այդ վիճակով շարունակել է աշխատել հերթափոխային ռեժիմով և չի դիմել բժշկական որևէ օգնության։ Ավելին` մի քանի անգամ դիմել է շտապօգնության ծառայությանը և հրաժարվել մասնագետների` հոսպիտալացվելու հորդորներից։ Բժշկին դիմել է միայն այն ժամանակ, երբ ունեցել է շնչառական խիստ անբավարարություն։
Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին, ապա 24-ամյա հղին մինչ գրիպանման երևույթների արձանագրումն ունեցել է երիկամային ախտաբանություն, որի դեմ ստացել է հիվանդանոցային բուժում։ Դուրս գրվելուց հետո տանն ի հայտ է եկել առատ քրտնարտադրություն` զուգորդված ջերմությամբ, թուլությամբ և այլ ախտանշաններով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան