Հ.Նաղդալյան. Օրինական երկիր էիք քարոզում, որ հետո անօրինական քայլերով իշխանության գնա՞ք
«Հանրահավաքներին ընդհանրապես լավ եմ վերաբերվում, եթե, իհարկե, օրենքի պահանջները պահպանելով են կատարվում այդ հանրահավաքները: Բայց ամեն դեպքում նպատակը պետք է պարզ լինի»,- Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ներքաղաքական զարգացումները ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները, Հ.Նաղդալյանը նշեց` անցած ընտրություններում 539 հազար մարդ ձայն է տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, 861 հազարն էլ Սերժ Սարգսյանին.
«Հիմա ինչ անենք: Հավաքվենք կանգնենք դեմ դիմաց «стенка на стенку», որ ի՞նչ լինի: Դրանով ուզում ենք ձայների հաշվարկը փոխարինենք, թե տեսնենք ո՞վ բարձր կգոռա, ո՞վ երկար կկանգնի: Ո՞րն է այդ ամենի նպատակը. կան ընտրության արդյունքներ, կան որևէ մեկի կողմից չվիճարկվող արդյունքներ»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Նա ընդգծեց նաև, որ չկան այդ արդյունքները ստվերող իրական փաստեր և առհասարակ` արդյունքների վրա էականորեն ազդող որևէ փաստարկ չկա: Այսինքն, շեշտեց Հ.Նաղդալյանը, արդյունքների նկատմամբ անվստահության համար իրական իրավական հիմքեր չկան, «միայն իներցիայով դեռ մեզանում գոյություն ունեցող անցյալից եկող անվստահությունն է». «Այս ամենը կարելի է հասկանալ` 2012-2013 –թթ. քաղաքական ակտիվ սեզոնը / ընտրառատ/ կամաց-կամաց ավարտին է մոտենում, և մնացած բոլոր հույսերը, կարծես, հետաձգվում են մինչև 2017-2018թթ քաղաքական սեզոնը, ուստի այս պահին ինչ հնարավոր է պետք է անել` կլինի դա «դրսի գրանտակերների» նարնջագույն հեղափոխություն, թե ոչ մի օրենքի տրամաբանության մեջ չտեղավորվող առաջարկներ»:
Ինչ վերաբերում է անընդհատ բարձրաձայնվող նախագահական նոր ընտրության անցկացմանը, ապա մեր զրուցակիցը ևս մեկ անգամ նշեց` «կարծես նոր ընտրության հիմքերը օրենքով սահմանված չեն»: Իսկ խորհրդարանական նոր ընտրությունների մասին բարձրաձայնողներին էլ Հ.Նաղդալյանը հորդորեց ծանոթանալ Սահմանադրության համապատասխան հոդվածին, այլապես այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե` «կարծես այդ ամենը ոչ թե օրենքով է լուծվում, այլ մի քանի մարդու քմահաճույքով». «Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, մենք օրինական և օրինավոր ընտրություններ անցկացնելու կոչ ենք արել, որովհետև ուզում ենք օրինականության երկրում ապրել ու մեր և մեր ժողովրդի կամքը իրականացնել: Դուք օրինականության երկիր էիք քարոզում, որ հետո անօրինական քայլերով իշխանության գնա՞ք»,- խոսքն ուղղելով ընդդիմադիր գործիչներին իր խոսքը հավելեց ԱԺ փոխխոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները