Րաֆֆի Հովհաննիսյանը` Արմավիրի քաղաքպետի մասին. Ունեցավ գոնե նվազագույն տղամարդկություն
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր հավաքների շարքը մեկնարկեց Արամավիր քաղաքից: Օրվա ընթացքում նա կլինի Արմավիրի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի քանի համայնքներում:
«Արմավիրը հավատաց մեր ժողովրդի, Հայաստանի հաղթանակին: Կեցցե, Արմավիրը: Հաղթանակը ոչ մեկը մեր ձեռքից չի խլելու»,-քաղաքի հրապարակում հայտարարեց Հովհաննիսյանը:
Րաֆֆու խոսքը ընդհատեց մի տարեց կին, ով դժգոհեց` իրենց փողոցն «աղքատի կարկատան են արել»:
«Էլ ոչ մի աղքատի կարկատան, ոչ մի անգործություն, ոչ մի արտագաղթ: Հինգ տարվա ընթացքում դա պիտի փոխենք, և դա իմ հանձնառությունն է, իմ կյանքի իմաստը»,-խոստացավ Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Արմավիրի քաղաքապետի հրաժարականին, ասաց, որ նրան պետք է հետևեն քաղաքի ավագանու անդամներն ու մարզպետը:
«Ունեցավ գոնե նվազագույն տղամարդկությունը հրաժարական տալու: Ողջունում եմ: Բայց դա պետք է լիներ այն բանի համար, որ ինքը խախտեց օրենք, ոչ թե ինչ-որ մեկը ասում է` դու չապահովեցիր հաղթանակ, հրաժարական տուր: Բայց իր օրինակ ժողովուրդը պահանջում է, ես էլ որպես ժողովրդի խոնարհ ծառա, պահանջում եմ Արմավիրի ավագանու և մարզպետի հրաժարականը: Վաղն էլ Սյունիքի մարզպետի հրաժարականը պետք է պահանջենք»,-ասաց Հովհաննիսյանը, արմավիրցիներին կոչ անելով պատրաստվել երկարատև պայքարի, խոստանալով. «Հաղթանակը մերն է լինելու»: