Խոջալու. «Թուրքերը հերթական անգամ գազանություններ կատարելով մեղավորներ են փնտրում»
«Խոջալուի օպերացիան պլանավորվում էր դեռևս 1991թ.-ի աշնանը, և Արկադի Տեր-Թադևոսյանի կողմից այն մշակվեց այնպես, որ խաղաղ բնակչության համար տրամադրվի միջանցք», - այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Խոջալուի օպերացիայի մասնակից, հետախույզ Վովա Վարդանովը:
Ըստ բանախոսի՝ օպերացիայի նպատակն էր գրավել հակառակորդի բոլոր կրակակետերը և հենակետերը, որոնք պետք է իրականացվեին շտուռմային ջոկատների միջոցով, բայց գերակա էր մարդասիրական մղումը և որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի, օպերացիայի սցենարը լրամշակվում էր:
«Մենք գազաններ չենք եղել և մենք չենք իրականացրել Խոջալուում այն վայրագությունները, որոնք ներկայացնում են ադրբեջանցի թուրքերը: Ասկերան-Աղդամ ուղղությունը մենք շատ լավ էինք պաշտպանում, սակայն կար վտանգ, որ Նախիջևանիկի ուղղությունից ադրբեջանցիները կարող էին հարվածել մեր թիկունքին և ես ուղևորվեցի այդ շրջան: Աղդամում այդ ժամանակ ադրբեջանցիներն ունեին մեծ ուժեր, «Գորշ գայլերի» ջոկատներ, սակայն ադրբեջանցիները օգնության չհասան Խոջալուին: Ադրբեջանական ջոկատները, մտածելով թե Խոջալուի օպերացիայից հետո հայկական ուժերը փորձում են շարժվել դեպի Աղդամ՝ կրակ են արձակում Խոջալուից դուրս եկած խաղաղ բնակչության վրա»,- պատմեց օպերացիայի մասնակիցը:
Նա շեշտեց, որ ադրբեջանցիները սխալմամբ կրակ են արձակել հենց իրենց քաղաքացիների վրա, ինչն ընդունել էր նույնիսկ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը:
«Թուրքերը հերթական անգամ գազանություններ էին կատարել և մեղավորներ են փնտրում», - հավելեց Վովա Վարդանովը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Խոջալուի օպերացիայի մյուս մասնակից, ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանն իր հերթին նշեց, որ առանց Խոջալուի օդանավակայանի ազատագրման անհնար էր իրականացնել Շուշիի օպերացիան, և օպերացիայի նպատակը զուտ ստրատեգիական դիրքի տիրանալն էր, այլ ոչ թե հաշվեհարդար կամ որևէ այլ գործողություն՝ խաղաղ բնակչության դեմ:
«Խոջալուի օդանավակայանը թույլ կտար օգնություն հասցնել Շուշիի գործողության մասնակիցներին: Մենք Խոջալուում խաղաղ բնակչության համար միջանք էինք տրամադրել, որպեսզի նրանք հեռանան, սակայն եղավ այն, ինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է կոծկել և մեղադրել հայկական կողմին», - ասաց Մ. Տոնոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան