Միջադեպ ԱԺ դահլիճում. Զարուհի Փոստանջյանը լեզվակռվի մեջ է մտել հանրապետական Շուշան Պետրոսյանի հետ
Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին փոքր միջադեպ տեղի ունեցավ խորհրդարանական կանանց միջև: ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանի` հայտարարության համար ԱԺ ամբիոնին մոտենալու ժամանակ Զարուհի Փոստանջյանը փորձել է դուրս գալ դահլիճից, սակայն մի պահ կանգ է առել հավանաբար լսելու, թե ինչ է ուզում հայտարարել Մհեր Շահգելդյանը:
Սակայն այդ կանգնելու պահին տիկին Փոստանջյանը տեսել է, թե ինչպես է Հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը ուղղորդում իրեն` ձեռքով ցույց տալով ելքի դուռը: Փոստանջյանի նյարդերը տեղի են տվել, և նա մի քանի անգամ կրկնելով «հանգստացեք», լեզվակռվի մեջ է մտել Հանրապետական պատգամավորի հետ: Մի քանի րոպե տևած լեզվակռվի պատճառով Մհեր Շահգելդյանը ստիպված էր ընդհատել իր ելույթը: Իսկ կին պատգամավորների միջև ընդհարումն ավարտվել է գործընկերների միջամտություն-հորդորներից հետո: