Դասադուլին մասնակցող ուսանողները անհարգելի բացակաների արդյունքում հայտնվելու են տհաճ իրավիճակում. հայտարարություն
«Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միության խորհուրդը ուսանողության շրջանում հայտարարվող դասադուլի կոչերի մասին հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Ուսանողության շրջանում դասադուլը համարվում է բողոքի ծայրահեղ դրսևորում և, հաջողվելու դեպքում, այն կարող է արձանագրել զգալի հաջողություններ, իսկ ձախողվելու դեպքում` անդառնալի հետևանքներ կարող է ունենալ ուսանողության ապագայի համար: Մենք, լինելով ուսանողական ուղղվածություն ունեցող կազմակերպություն, գտնում ենք, որ ուսանողներին նման կոչով դիմելու համար նախ և առաջ պետք է կոչով դիմեր կոնկրետ անձ կամ կազմակերպություն, որը, միևնույն ժամանակ, պետք է իր վրա վերցներ ձախողման դեպքում դրա հետևանքով տուժած ուսանողների պատասխանատվությունը:
Սակայն, ինչպես երևում է հայտարարությունից, նման պատասխանատվություն ստանձնող ո՛չ կազմակերպություն, ո՛չ էլ անհատ` գոյություն չունի: Հայտարարված դասադուլը մասսայականություն չունենալու դեպքում դատապարտված է ձախողման, ինչի արդյունքում, այն ուսանողները, որոնք չեն մասնակցում դասադուլին ապահովելու են դասապրոցեսի անխափան ընթացքը:
Դասադուլին մասնակցող ուսանողները անհարգելի բացակաների արդյունքում հայտնվելու են տհաճ իրավիճակում, որի համար` ըստ էության, որևէ պատասխանատու գոյություն չի ունենալու, իսկ կրեդիտային համակարգի պայմաններումսովորող ուսանողների համար իրավիճակը մի քանի անգամ ավելի բարդ է լինելու, քանի որ դասապրոցեսից բացակայելու պատճառով նրանք կորցնելու են իրենց վերջնական գնահատականի մոտավորապես 40 տոկոսը և իրենց բուհի ղեկավարությանը օրինական հիմքեր են տալու բուհից հեռացնելու համար:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը հայտարարում է, որ նմանատիպ անկանխատեսելի հետևանքներով հղի իրավիճակում դասադուլի կազմակերպիչները նախ պետք է հստակեցվեն և փորձեն ուսանողությանշրջանում կոնսենսուսի հասնել և նոր անցնել կոնկրետ գործողությունների: Կոնսենսուսի բացակայության դեպքում դասադուլին մասնակցող ուսանողների ապագան դրվում է կասկածի տակ` առանց որևէ կոնկրետ պատասխանատվություն ստանձնող անձի կամ կազմակերպության առկայության:
Միևնույն ժամանակ մենք հայտարարում ենք, որ ցանկացած կոնսենսուսի դեպքում «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը պատրաստ է կանգնել ՀՀ ուսանողների կողքին, իսկ մինչ այդ մենք զերծ ենք մնում դասադուլին միանալուն ուղղված կոչերին պատասխանելուց, քանի որ մեր նշած մտահոգությունների և ռիսկերի համար պատասխանատու և երաշխավոր չլինելու դեպքում, դասադուլը լինելու է ի հեճուկս ուսանողության մի ինչ-որ զանգվածի»: