Ադրբեջանցիները Քարինտակի մոտ սպանված գրոհայիններին ներկայացնում են որպես Աղդամի դեպքերի զոհեր
«Խոջալու: Աննախադեպ զեղծարարությունների և կեղծարարությունների ժամանակագրություն» նախագծի կայքում հրապարակվել է ադրբեջանական քարոզչության կողմից կեղծված լուսանկարների` որպես 1992 թվականի Աղդամի դեպքերի վերաբերյալ իրենց դիրքորոշման «ապացույց» օգտագործելու փաստի հերթական վկայությունը:
Նշենք, որ Xocali.net կայքում հավաքված է նման կեղծարարությունների մի ամբողջ պատկերասրահ: Այսպիսով, 19 համարի ներքո ներկայացված է «Քարինտակի ճակատամարտը» լուսանկարը, որը տեղադրված է ադրբեջանական AzXeber.com կայքում, որտեղ «Խոջալուի խոշտանգված բնակիչներրի» դերում հանդես են եկել Ռիադ Ահմեդովի ջոկատի ոչնչացված ադրբեջանցի գրոհայինները, որոնք հարձակվել էին հայկական Քարինտակ գյուղի վրա(ադրբեջանական տարբերակում անվանումը` Դաշալտի).
«Հարձակումը սկսվեց հունվարի 25-ի` լույս 26-ի գիշերը: Մարտը տևեց 12 ժամից քիչ ավելի: Հարձակվող գրոհայինները հանդիպեցին հայերի պաշտպանական դիրքերին: Սկսված մարտում հակառակորդի 79 զինվոր զոհվեցին: Եվս մի քանի տասնյակ զինվորներ ոչնչացվեցին փախուստի ժամանակ: Օրվա վերջում ձյունապատ բլուրները ամբողջովին ծածկվել էին ադրբեջանցի զինվորների դիակներով:
Եվ ահա, 21 տարի անց, 1992 թվականի հունվարի 25-ին սպանված ադրբեջանցի զինված գրոհայինների մարմինները հանդես եկան որպես Խոջալուի խաղաղ բնակիչների մարմիններ», - ասված է կայքում:
Մեկ այլ նախկինում բացահայտված կեղծված լուսանկար տեղադրվել է հունգարական ազգային-պահպանողական «Յոբբիկ» կուսակցության կայքում` Աղդամի դեպքերին նվիրված նյութում: Որպես Խոջալուի «զոհեր» ներկայացված են 1983 թվականին Թուրքիայում կործանիչ երկրաշարժից զոհված քրդերը:
Հիշեցնենք, որ 1992 թ.-ի փետրվարի 26-ին, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մերձակայքում չպարզված հանգամանքներում զոհվել են 200-ից 300 մարդ (համաձայն միջազգային Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների, իսկ Ադրբեջանի կողմից քարոզվող տարբերակով, զոհվել է ավելի քան 600 մարդ), ովքեր Ադրբեջանի իշխանության կողմից միտումնավոր կերպով պահվել են ռազմական գործողությունների կիզակետում: Խոջալուի բնակչությունը մի քանի ամիսների ընթացքում ստիպողաբար մնացել է բնակավայրում և Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր կերպով չի տարհանվել՝ հետագայում նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակչությունը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից առանձնացված հումանիտար միջանցքով դուրս է եկել բնակավայրից, առանց որևէ խոչընդոտների անցել է ավելի քան 10 կմ և հասել է մինչև ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամ քաղաքը: Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերին բավական մոտ գտնվող հատվածում հայտնաբերվել են զոհվածների մարմինները: Զոհվածների իրական քանակը հայտնի չէ, քանզի պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Խաղաղ բնակիչների այս ողբերգական զոհերի հետաքննության համար ստեղծված Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Հեյդար Ալիևի հրամանով լուծարվել է, իսկ հետաքննությանը վերաբերվող նյութերը սկսել են գաղտնի պահվել:
Ֆիլմ` «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները