«Ժողովուրդը Հովհաննիսյանին չի ների»
Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հասկանա, որ չպեստք է հիասթափեցնի ժողովրդին: Սխալ է գնալ մարզեր այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը հստակ քայլեր է սպասում: Այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Ըստ բանախոսի՝ նման գործելաոճով «Ժառանգության» առաջնորդը երկու -երեք ամսից կարող է կորցնել ժողովուրդի վստահությունը:
«Եթե նա ժողովրդին չի խափում, պետք է ազնիվ լինի: Նա պետք է հասկանա, որ այս 36 տոկոսը նրա տոկոսը չէ, այլ՝ ՀԱԿ-ի,Դաշնակցության, մյուս քաղաքական ուժերի: 5 տոկոս հավաքողն իրա ուժերով չէր հասնի 36-ի», - ասաց քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով՝այսօր ժողովրդի համար կարևոր չէ, թե ով կլինի հանրահավաքների հարթակում՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» կամ ՀԱԿ-ը: «Ժողովուրդն այլևս չի ների այն քաղաքական ընդդիմադիր առաջնորդներին, որոնք կխաբեն իրեն, այդ թվում՝ նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե պարզ դառնա, որ այս պայքարն զուտ ընդդիմադիր դաշտը վերահսկելու համար է»,- կարծիք հայտնեց քաղաքական գործիչը:
Ըստ բանախոսի՝ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն գործում է իշխանություների նախագծած սցենարով: Նրա խոսքով՝ մտածելու տեղիք է տալիս այն, որ Րաֆֆին չկարողացավ ապացույցներ ներկայացնել, այլ հնչեցնում է զուտ խոսքեր:
«Որ եղել է նախապես սցենար, ես համոզված եմ: Բայց ժողովուրդը տվեց ձայն, որին ոչ ոք չէր սպասում: Եվ հիմա Հովհաննիսյանը պետք է հարգի ժողովրդին և ասի, կամ որ չի կարողանում իրականացնել սպասումները, վճռական է գնալ մինչև վերջ: Բոլորն այսօր գնահատում և խոսում են ժողովրդի անունից, քանի որ չգիտեն, թե ինչ կանի Հովհաննիսյանը», - ասաց նա:
Ըստ Արամ Հարությունյանի՝ այսօր «Ժառանգության» օրակարգում թիվ մեկ հարցը պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Անդրադառնալով այս տարվա մարտի 1-ին ՀԱԿ-ի և «Ժառանգության» կողմից տարբեր վայրերում հանրահավաքներ գումարելու հնարավորությանը, քաղաքական գործիչը հույս հայտնեց, որ սա ամբիցիաների խնդիր չէ: Նա հիշեցրեց, որ 2011 թվականին, երբ ՀԱԿ-ը փորձում էր հանրահավաք իրականացներ Ազատության հրապարակում, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը նստեց հացադուլի: «Ամբիցիաների լինելությունը հստակ կերևա ժամանակի ընթացքում», - ասաց Արամ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում