Արման Սահակյանը կնշանակվի Շիրակի մարզպետ
Գեներալ Աշոտ Գիզիրյանի հրաժարականից հետո մի քանի օր է՝ ՀՀԿ-ական վերնախավում լարված քննարկվում էր Շիրակի մարզպետի հարցը։ Շոշափվում էին մի քանի անուններ՝ Յուրի Վարդանյանի, Սամվել Նիկոյանի և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։ Ի նկատի ունենալով, որ այս տեղանքի ժողովուրդը խստապահանջ է, իրավացիորեն դժգոհ է իշխանություններից, այստեղ որոշեցին մարզպետ նշանակել մեծահարուստ և միաժամանակ կրթված երիտասարդի։ Այս մասին գրել է «Առավոտ»-ը:
Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի արտահերթ նիստում գրեթե հաստատվել է Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, 35-ամյա Արման Սահակյանի թեկնածությունը։
Թերթի տեղեկություններով՝ որոշակի սոցհարցումներ են կատարվել տեղի ՀՀԿ-ականների շրջանակում ու կանգ են առել հենց նրա վրա։ Իսկ Յուրի Վարդանյանը գերադասել է լավ ու վատ չլինել գյումրեցիների հետ, որոշել է նրանց աչքում հավերժ մնալ որպես Գյումրվա պարծանք: