Անհարգելի բացակայություններ. Հերթական վիճահարույց փոփոխությունը Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ
Այսօր Ազգային ժողովում 32 դեմ և 58 կողմ ձայների հարաբերակցությամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի համաձայն ԱԺ պատգամավորների բացակայությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնում է ԱԺ Էթիկայի հանձնաժողովը:
Մինչև նախագծի ընդունումը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեմ արտահայտվեց օրինագծին` նկատելով, որ չպետք է Էթիկայի հանձնաժողովի հնարավորություններն ընդլայնել:
Նշենք, որ ԱԺ պատգամավորների անհարգելի բացակայությունների հարցը մինչ այդ քննարկվում էր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում: Այժմ, խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է հարցը ներառել Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների շրջանակում:
Նախօրեին օրինագծին դեմ էր արտահայտվել Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` նշելով, Աժ նիստերից բացակայելը պատգամավորի իրավունքն է, «դա նրա քաղաքական դրսևորումն է, և այն չի կարելի համարել էթիկական խախտում»: Նաև ասել էր, որ պատգամավորների բացակայությունների հարցը պետք է քննարկի պետաիրավական հարցերի հանձնաժողովը:
Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ օրինագծի քննարկման ժամանակ կարծիք էր հայտնել, որ օրինագծի ընդունման հարցում քաղաքական դրդապատճառներ կան:
«Այս նախագծի իրական նպատակները բոլորովին այլ են, իմ կարծիքով՝ կան քաղաքական դրդապատճառներ: Ես փորձեցի վերլուծել՝ ո՞վ է ասել, որ էթիկայի հանձնաժողովում նստած են այն բացառիկ օբյեկտիվ անձնավորությունները, ովքեր կարող են հայտարարել՝ բացակայությունները հարգելի են, թե ոչ: Նրանք մեզանից լավը չեն: Մենք բոլորս միասին պետք է որոշենք: Ես չեմ հասկանում էթիկայի հանձնաժողվն ի՞նչ կապ ունի բացակայությունների հետ: Ես նույնպես համաձայն եմ, որ այս հարցը պետք է քննարկի պետաիրավական հանձնաժողովը: Եթե էթիկայի հանձնաժողովը պարապ է մնացել և կրեատիվի պակաս ունի, ապա շատ պատգամավորներ կարող են մատուցել այդ կրեատիվը»,-ասել էր Զոհրաբյանը:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ երեկվա քննարկման ժամանակ նշել էր, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի հեղինակությունը բարձրացնելու ձգտումը այսպիսով կրկին ձախողվում է: «Էթիկայի հանձնաժողովում խորհրդարանական մեծամասնությունը կրկին չհանդուրժեց բազմակարծությունը, Աստված Ձեզ հետ, թող Աստված Ձեր որոշումներին դրական լիցքեր հաղորդի, այն, ինչ անում եք էթիկայի հանձնաժողովի հետ կապված, շուռ է գալու Ձեր դեմ»,- ասել էր նա: