Հայ Դատի Ֆրանսիական բյուրո. Ադրբեջանական սադրանքի նպատակն էր ձախողել դեսպանատան դիմաց կայանալիք ցույցը (Լուսանկարներ)
Նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի սրահներից մեկում միջադեպ է տեղի ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: «Սումգայիթի դեպքերը 25 տարի անց. ներկա իրավիճակը և ապագա հեռանկարները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար» խորագրով միջոցառման ընթացքը փորձել են ձախողել ադրբեջանցի երկու սադրիչներ, ովքեր ներս մտնելով, անվայելուչ հայտարարություններ են հնչեցրել մասնակիցների հասցեին և ծեծկռտուք հրահրել:
«Nouvelles d’Armenie» պարբերականի հրապարակած լուսանկարներից երևում է, թե ինչպես ադրբեջանցիները հարձակվում են միջոցառման մասնակիցների վրա: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ադրբեջացիների ծեծվելու և լուրջ վնասվածքներ ստանալու մասին, ընդհուպ մինչև կոտրվածքներ: Ավելին, նույն լրատվամիջոցներում զետեղված լուսանկարներում ակներև է, որ սադրիչները որևէ լուրջ վնասվածքներ չեն ստացել: Ավելին, իրարամերժ են նույն ադրբեջանցիների վկայությունները, համաձայն որոնց՝ մի դեպքում երկու մասնակիցներն էլ ծեծի են ենթարկվել, մյուսում, աղջիկ մասնակիցը իբր փախչել է:
Հաղորդագրության համաձայն, սադրիչները հանձնվել են Ազգային ժողովի անվտանգության ծառայությանը: Հատկանշական է, որ միջադեպից ընդամնեը րոպեներ անց դեպքի վայր են ժամանել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիները, ինչը ևս մեկ անգամ վկայում է սադրանքի նախապես ծրագրված լինելու մասին:
«Գործ ունենք անընդունելի սադրանքի հետ, որի նպատակն էր ձախողել փետրվարի 28-ին Ադրբեջանի դեսպանատան մոտ իրականացվելիք ցույցը: Մտադիր ենք բողոք ներկայացնել անկարգության հրահրիչների դեմ», - ասված է Բյուրոյի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 1988թ-ի փետրվարի 26-29 տեղի իշխանությունների փաստացի օժանդակության և ԽՍՀՄ-ի կառավարության անգործության պայմաններում Ադրբեջանական ՍՍՀ-ի Սումգայիթ քաղաքում իրականացվել են տեղի խաղաղ բնակչության զանգվածային ջարդեր, որոնք ուղեկցվել են հայերի հանդեպ դաժանությամբ աննախադեպ սպանություններով, բռնություններով և կողոպուտով: Փետրվարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսված ցույցերի ժամանակ քաղաքի ղեկավարները հայերի հանդեպ բռնությունների կիրառման բացահայտ կոչեր էին անում:
Փետրվարի 27-ին ցույցերը վերաճեցին բռնի գործողությունների, որոնցում մասնակցել են հարյուրավոր մարդիկ: Կացիններով, դանակներով, հատուկ սրած երկաթե ձողերով, քարերով և բենզինով լի տարրաներով զինված մարդիկ, իրենց ձեռքի տակ ունենալով քաղաքի հայ բնակիչների բնակության վայրերի հասցեները, ներխուժում էին հայերի տները կողոպտում դրանք և դաժանաբար սպանում տան տերերին: Զոհերին որպես կանոն քարշ տալով փողոց էին հանում այնտեղ նրանց հանրորեն ստորացնելու համար: Տանջալից դաժանություններից և բռնություններից հետո մարդկանց վրա բենզին էին լցնում և ողջ-ողջ այրում:
Փետրվարի 29-ին Սումգայիթ են մուտք գործում զինված ուժերը, սակայն` իրավիճակին չխառնվելու հրամանով: Միայն երեկոյան, երբ գազազած ամբոխը հարձակումներ սկսեց հենց զինվորների վրա, մարտական ստորաբաժանումներն անցան կտրուկ գործողությունների:
Սումգայիթի ջարդերի զոհերի հստակ թիվը առ այսօր հայտնի չէ: Պաշտոնական տվյալների համաձայն զոհվել է 32 մարդ, սակայն բազմաթիվ վկայություններ կան առ այն, որ երեք օրվա ընթացքում քաղաքում հարյուրավոր հայեր են սպանվել: Նաև վկայություններ կան առ այն, որ ջարդերը համակարգվում էին Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից: Սումգայիթյան դահիճները հետագայում Ադրբեջանում ազգային հերոսներ հռչակվեցին:
Լուսանկարները` «Nouvelles d’Armenie» պարբերականի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան