Գևորգ Դանիելյանը խորհուրդ է տալիս զգույշ լինել ու խնդրում ուշադիր կարդալ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը
«Ինձ թվում է, որ շատերս ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի առնչությամբ հիացական գնահատականներ ենք տալիս ուշադիր չկարդալով այդ աշխատանքը և համարժեք չպատկերացնելով, թե ինչ միտումներ է հետապնդում այդ վեպը: Նկատենք, որ նույն սցենարն է, ինչ այսօրվա ադրբեջականան գաղափարախոսությունը»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՍԴ խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավ. դոկտ., պրոֆ. Գևորգ Դանիելյանը:
Վեպում ներկայացված են 1919 թ-ին Նախիջևանի Ագուլիս բնակավայրում հայերի նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած վայրագությունները և զուգահեռներ են անցկացված 1988-1990 թվականներին Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայերի կազմակերպված ջարդերի հետ:
Գ. Դանիելյանը նշեց, որ, ըստ վեպի, Բաքվի ջարդերը կազմակեպել են այն մարդիկ, որոնք այդտեղ բռնությունների են ենթարկվել, չեն կարողացել վրեժխնդիր լինել, փորձել են վրեժխնդիր լինել հայազգի բնակչության նկատմամբ: «Սա ակնհայտ սուտ է: Վեպի հիմնական սյուժեն հենց դրան է վերաբերում»,- նշեց նա:
Միաժամանակ Գ. Դանիելյանը նշեց, որ իրեն հավատ չի ներշնչում, որ գրողի նկատմամբ հետապնդումներ են սկսվել. 72-ամյա կնոջը ազատում են գրադարանավարուհու աշխատանքից, իրեն զրկում են մի քանի պարգևներից, դժգոհություններ են հայտնում նրա նկատմամբ: «Գիտենք, որ եթե ադրբեջանցին իր երկրում որևէ մեկին ընկալում է որպես դավաճան, ձեռքն է վերցնում կացինը, չի բավարարվում միայն քննադատություններով: Պետք է մի փոքր զգույշ լինել»,- ասաց նա:
Գ. Դանիելյանը կարծում է, որ այս ամենը արվել է նրա համար, որ հայերը պատրանքի մեջ ընկեն, թե Ադրբեջանում կան մարդիկ, որոնք կարողանում են ազատ խոսել ու վայրագ ձևով հետապնդումների չենթարկվել: Նա խնդրեց աշխատությունը ևս մեկ անգամ ուշադիր կարդալ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են