«Այս տարի թող փորձեն ասեն՝ ջուր չկա». Գյուղատնտեսական հաջող տարի է կանխատեսում Բերբերյանը
Նախորդ տարվա համեմատ այս տարի գյուղատնտեսության համար հաջող տարի է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքերով` ձնածածկույթը բավարար է, միակ մտահոգությունը ապրիլին հավանական ցրտահարությունն է: «Սակայն, եթե դրա դեմ պայքարեն ծխահարությամբ, ապա կորուստներն ավելի քիչ կլինեն: Իսկ ինչ վերաբերում է ջրի խնդրին` ասեմ, որ անցյալ տարի էլ խոնավության պակաս չկար, բայց ջուրը, չգիտես ինչու, անհետացավ: Այս տարի թող փորձեն ասեն՝ ջուր չկա»,-ասաց Հ. Բեբերյանը:
Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից գյուղացիներին տրամադրվելիք գարնանացան սերմացուին, Հ.Բերբերյանը նշեց, որ հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, անորակ սերմացուի հետ կապված սուր քննադատությունները, ապա այս տարվա սերմացուն ավելի որակյալ կլինի:
«Կարծում եմ, որ պատասխանատուները ավելի զգոն կլինեն, իսկ ձախողված ծրագրի համար մեղավորներին կպատժեն: Մենք այդ հարցում հետևողական ենք լինելու, քանի որ 168 ֆերմերներ այդ անորակ սերմացուների պատճառով այսօր գտնվում են ծանր վիճակում»,- նշեց Հ.Բերբերյանը:
Նրա խոսքերով` պետական չինովնիկը պետք է հասկանա, որ անպատժելիությունը վերացել է այս երկրից, և բոլորը պետք է իրենց արարքների համար պատասխան տան. «Լավ գործի համար պետք է պարգևատրվեն, վատ աշխատանքի համար` պատժվեն»:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից գյուղացիներին հատկացվող էժան պարարտանյութին և վառելիքին, Հ. Բերբերյանը դրական գնահատեց` հավելելով, որ լիտրը 350 դրամով դիզվառելիքը շատ հարմար գին է: «Մեզ նաև ասել են, որ այս տարի ոչ մի գյուղացի պարարտանյութի կարիք չի ունենա: Խոստացել են տրամադրել 10 800 տոննա պարարտանյութ, բայց կարծում եմ, որ կլինի ավելի շատ»,- ասաց նա:
Այդուհանդերձ, ըստ Հ.Բերբերյանի, թեև վերջին երկու տարիներին ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում ողջունելի է, սակայն դրանք բավարար չեն և ոլորտում անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա