«Եթե մեռնենք էլ՝ ոչ մեկի վեջին դա չի էլ լինի». Էջմիածնի բնակչին չեն սպասարկել պոլիկլինիկայում
Քիչ առաջ Panorama.am-ին ահազանգեց Էջմիածին քաղաքի 28-ամյա մի երիտասարդ, ով պատմեց, որ իրենց քաղաքի՝ համայն հայության հոգևոր կենտրոնի բնակիչները մատնված են անտերության ու՝ «եթե նույնիսկ մենք մեռնենք էլ՝ ոչ մեկի վեջին դա չի էլ լինի»: Իսկ ասվածը հիմնավորելու համար նա պատմեց հետևյալը:
Արդեն մի քանի օր է երիտասարդը ջերմություն ունի, որը որևէ կերպ չի իջնում, դրան գումարած՝ հազում է: Վերջապես աշխատանքից կարողանալով կտրվել, երիտասարդը գնացել է Էջմիածնի պոլիկլինիկա, որպեսզի որպես հաշվառված բնակչի նրան համապատասխան ծառայություն մատուցվի: Սակայն պարզվել է, որ պոլիկլինիկայի ռենտգեն սարքավորումը փչացել է (թերևս այս խնդիրը հայաստանյան բոլոր պոլիկլինիկաներին է առնչվում), իսկ բացի այս միակ բժիշկը, որ կարող էր գոնե լսել թոքերը ու մոտավորապես ինչ-որ ախտորոշում տալ, բացակայում էր. պոլիկլինիկան միայն մի մասնագետ ունի, որն էլ սպասարկում է և տնային կանչերը, և պոլիկլինիկա իրենց ոտքով հասած հիվանդներին:
Երիտասարդին պոլիկլինիկայում որևէ մեկը չի սպասարկել՝ միակ մասնագետը կանչի էր:
Հերթապահներն էլ տեղեկացրել են, որ պետք չէ սպասել, դա անհույս է՝ հաշվի առնելով նաև օրվա ժամը, դրան ավելացրել՝ «հո Երևանում չե՞նք էտքան հիվանդ գա, գնա գլխիդ ճարը տես» ու հորդորել գլխի ճարը տեսնել Էջմիածնի հիվանդանոցում:
Ճիշտ է մոռացել են զգուշացնել նաև, որ եթե պոլիկլինիկայում քաղաքացիների սպասարկումն անվճար է, ապա հիվանդանոցային սպասարկմանը դա չի վերաբերում , ինչին էլ բախվել է երիտասարդը:
Հ.Գ. Հարց՝ ո՞վ է պատասխանատու քաղաքացիների անհիմն վճարումների համար, քանզի ամենևին էլ իրենց մեղքը չէ, որ ռենտգենը փչացել է ու միայն հաջորդ շաբաթ Երևանից կբերեն անսարք մեխանիզմի փոխարինող սարքը: Եթե երիտասարդի փոխարեն լիներ, ասենք, 25-30 հազար թոշակով մի ամբողջ ամիս ապրող տարեց մեկը և հասկանալի պատճառներով իր առողջության վրա ծախսվելիք գումարը խնայեր օրվա հացի խնդիրը լուծելու համար, իսկ առողջական խնդիրն էլ լիներ բավականին լուրջը, ո՞վ էր պատասխան տալու հետագա վատթարացման համար: Աստված չարասցե՝ լուրջ առողջական խնդրի համար:
Հ.Գ-ի Հ.Գ.Նյութն արդեն պատրաստ էր, երբ երիտասարդը տեղեկացրեց, որ ստուգվել է և պարզվել է, որ իր մոտ թոքաբորք է: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են, իսկ հարցերի պատասխանները թողնում ենք այս բարձիթողի վիճակի պատասխանատուներին… եթե գտնեն ինչ ասեն:
Նման անտարբերության հանդիպել էինք նաև երևանյան պոլիկլինիկաներից մեկում ու դարձյալ` խնդիրը ռենտգեն սարքավորման ոչ պիտանելի լինելն էր:
Նախորդիվ`
Ո՞ւմ և ինչի՞ համար է պետք պոլիկլինիկան` իր հնացած սարքավորումներով ու անպտուղ սպասարկմամբ