Լիբանանում նշել են Արցախյան շարժման 25-ամյակը
Փետրվարի 21-25-ը Լիբանանում անցկացվել են մի շարք միջոցառումներ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառումները մեկնարկեցին փետրվարի 21-ին: Բուրջ Համուդի «Երջո Սամվելյան Եռագույն» սրահում կազմակերպվել է ցուցահանդես, որի հանդիսավոր բացումը կատարել են Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սապունջյանը: Ցուցադրվել են Արցախի առօրյան ներկայացնող լուսանկարներ, ինչպես նաև Սեյրան Խաթլամաճյանի` նահատակ հերոսների դիմանկարները:
Փետրվարի 22-ին «Հովհաննես Պողոսյան» թատերասրահում տեղի է ունեցել ազգային-հեղափոխական երգերի փառատոն: Երգի փառատոնին ներկա էին հարյուրավոր երիտասարդներ և պատանիներ: Փառատոնին ելույթ են ունեցել լիբանանահայ երիտասարդ երգիչներ և պարախմբեր, հնչել են հայրենասիրական երգեր:
Փետրվարի 24-ին Այնճար հայաբնակ ավանի Սուրբ Պողոս եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ և տեղի ունեցավ Արցախի ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հոգեհանգստի արարողություն։ Պատարագը մատուցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը:
Մուսա լեռան հերոսների հուշարձանին ծաղկեպսակի զետեղման արարողությունից հետո Գյուլբեկյան սրահում կազմակերպվել է հանդիպում բուլղարացի հանրահայտ լրագրող Ցվետանա Պասկալևայի հետ: Նա ներկաներին ներկայացրել է «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ժապավենները, պատասխանել այնճարցիների հարցերին: Միջոցառմանը ներկա էին Այնճարի քաղաքապետը, Լիբանանում ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցիչները, «Կարմիր լեռ» կոմիտեի անդամները, Այնճարի բնակիչները:
Ցվետանա Պասկալևայի հետ հաջորդ հանդիպումը կազմակերպվել է Բուրջ Համուդի «Տեր Մելքոնյան» սրահում փետրվարի 25-ին: Հեղինակը ներկայացրել է մանրամասներ մարտի դաշտում արված նկարահանումների մասին: Ցուցադրվել են «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ժապավենները, ինչպես նաև ֆիլմ այսօրվա Արցախի մասին: Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը Պասկալևային պարգևատրել է Բեյրութի առաջնորդարանի բարձրագույն պարգևով՝ «Խրիմյան Հայրիկ» մեդալով: Լիբանանի հայոց թեմի առաջնորդն ու ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը բուլղարացի լրագրողին շնորհավորել են արժանացած բարձր պարգևի համար և ընդգծել Պասկալևայի կատարած հերոսական աշխատանքի կարևորությունը համաշխարհային հանրությանը ԼՂ հակամարտության մասին ճշմարտությունը և պատմական փաստերը ներկայացնելու համար: Հանդիպմանը ներկա էին պաշտոնյաներ, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչը, ինչպես նաև Բուրջ Համուդի քաղաքապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին