Սումգայիթի ողբերգության ականատես. Մենք ներսից գիտենք, թե ինչ է Ադրբեջանը
«Մենք ներսից գիտենք, թե ինչ է Ադրբեջանը: Մեզ համար այդ երկրում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը սկսվել է ոչ թե Սումգայիթից, այլ դեռ 1918 թվականից: Էլ չասեմ, թե ինչպես է առաջացել Ադրբեջանը», - Սումգայիթյան ողբերգության 25-ամյակի կապակցությամբ այսօր տեղի ունեցած քննարկմանն ասաց Անդրկովկասի էթնիկ հարցերի փորձագետ, Սումգայիթի և Բաքվի կոտորածների ականատես, ազգությամբ հույն Էդուարդ Պոլադովը:
«Մենք լռեցինք, երբ եղավ Սումգայիթյան կոտորածը, որը, փաստացի տևեց շուրջ մեկ տարի` 1988 թվականի փետրվարից մինչև 1989 թվականի հունվարը: Ապա լռեցվեց Բաքվի կոտորածը, բայց այսօր Ադրբեջանի իշխանությունները փորձում են մեզ մեղադրել Խոջալուի իրականում տեղի չունեցած դեպքերի մեջ», - նշեց նա, և հավելեց, որ Հայաստանի արտգործնախարարությունը և պատկան մարմինները պետք է բոլոր ամբիոններից բարձրաձայնեն իրականության մասին:
«Խոջալուն 80-ականներին եղել է բազմամարդ մի քաղաք, մինչև Ղարաղաղյան շարժումն ունեցել է շուրջ 6 հազարանոց բնակչություն, որը` իրադարձությունների զարգացմանը զուգահեռ նվազեց մինչև 700: Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունների կողմից քաղաքը բնակեցվեց փախստական թուրք մեսխեթցիներով, այն էլ` բռնի, որպես կենդանի վահան` Ստեփանակերտը ռմբակոցող կրակակետի համար: Շուրջ 100 հազար բնակչությամբ Արցախի մայրաքաղաքը, որտեղ պատսպարվել էին նաև փախստականներն Ադրբեջանից, օր ու գիշեր 6 կրակակետերից ռմբակոծվում էր նաև Խոջալուից, և հենց ժողովուրդն էր խնդրում, որ այդ կրակային կետերը կասեցվեն, ինչը և արվեց», - նշեց բանախոսը:
Նա նաև ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ հայատյաց ցանկացած դրսևորում եղել է հայերի համար կարևոր օրերին: «Կարելի է ասել, որ այդ ոճրագործություններն ունեցել են ռիտուալ բնույթ: Այդպիսի մի օր է եղել նույնիսկ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության օրը», - ասաց նա:
Նշենք, որ 1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում` պաշտոնական տվյալներով, սպանվել է 27 հայ, սակայն մի շարք փաստեր հաստատում են, որ զոհերի թիվը շատ ավելին է, ընդ որում սպանվածների մեծ մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:
Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց պաշտպանելու հայ բնակչությանը: Ադրբեջանցի հրեշն արել էր իր սև գործը…
Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնություններ էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցավ ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման։
Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման արդյունքում Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվեց ուժեղ հակահայկական քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ: 1988-1990 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հայերի զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ:
Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:
1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունվել է Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև:
Հիշեցնենք, որ 1992 թ.-ի փետրվարի 26-ին, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մերձակայքում չպարզված հանգամանքներում զոհվել են 200-ից 300 մարդ (համաձայն միջազգային Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների, իսկ Ադրբեջանի կողմից քարոզվող տարբերակով, զոհվել է ավելի քան 600 մարդ), ովքեր Ադրբեջանի իշխանության կողմից միտումնավոր կերպով պահվել են ռազմական գործողությունների կիզակետում: Խոջալուի բնակչությունը մի քանի ամիսների ընթացքում ստիպողաբար մնացել է բնակավայրում և Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր կերպով չի տարհանվել՝ հետագայում նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակչությունը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից առանձնացված հումանիտար միջանցքով դուրս է եկել բնակավայրից, առանց որևէ խոչընդոտների անցել է ավելի քան 10 կմ և հասել է մինչև ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամ քաղաքը: Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերին բավական մոտ գտնվող հատվածում հայտնաբերվել են զոհվածների մարմինները: Զոհվածների իրական քանակը հայտնի չէ, քանզի պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Խաղաղ բնակիչների այս ողբերգական զոհերի հետաքննության համար ստեղծված Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը:
Ֆիլմ` «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները