Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրասենյակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հայաստանյան ներկայացչության գործառությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանը:
Ընկերության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի և Քաունթերփարթի Հայաստանի հետ համագործակցությամբ, նախաձեռնում է Հայաստանի 50 դպրոցներում ստեղծել ռոբոտաշինության խմբակներ: Նախաձեռնության նպատակն է հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ, զարգացնել ճարտարագիտական մտածելակերպը, ինչպես նաև ապագա ուսանողներին նախապատրաստել տեխնիկական համալսարաններում սովորելուն:
«Տարեցտարի ավելանում է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող և ռոբոտների մրցույթներին մասնակցել ցանկացող երեխաների թիվը, ովքեր, ի դեպ, բավական մեծ հաջողություններ են գրանցում մրցույթների ժամանակ: Զարգացումներին ավելի մեծ ընթացք տալու նպատակով` միությունը նախագծել է ուսումնական խմբակի համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտ: Ներկայումս նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, ինչի շրջանակներում Հայաստանի 50 դպրոցների կտրամադրվեն համապատասխան ուսումնական ռոբոտների կոմպլեկտները»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Ռոբոտաշինության զարգացումը մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկն է: Հետևաբար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է այդ ոլորտի զարգացումը խրախուսող նախաձեռնություններին: Դպրոցական տարիքին հատուկ ոգևորությունը, հետաքրքրությունը, նորը սովորելու և յուրացնելու՝ ներքին պահանջը, դպրոցը դարձնում են իդեալական միջավայր՝ Հայաստանում ռոբոտաշինության ամուր հիմքեր ստեղծելու համար: Վստահաբար, այս երեխաներից շատերը կցանկանան մասնագիտանալ հենց ռոբոտաշինության ուղղությամբ՝ դառնալով աշխարհի այդ գերկարևոր ոլորտում մեր երկրի մրցակցային առավելության կրողները», - նշել է է Ռալֆ Յիրիկյանը: «Ռոբոռաշինության զարգացումը նաև որոշակիորեն կնվազեցնի «ուղեղների արտահոսքը», - ավելացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Դպրոցներում խմբակների դասընթացները նախատեսվում է սկսել 2013թ.-ի սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում` հունիս-հուլիս ամիսներին, նախատեսվում է նաև համապատասխան դպրոցների ուսուցիչների վերապատրաստում: Ուսումնական ռոբոտները հնարավոր կլինեն ծրագրավորել Լաբվյու, «Մայքրոսոֆթ ռոբոտիքս ստուդիո» ծրագրերի միջոցով:
Մինչ այժմ ռոբոտաշինության խմբակներ առկա են Երևանում գործող Այբ դպրոցում, Քվանտ և Պոլիտեխնիկ վարժարաններում, իսկ մարզերից` Ախթալայում, Սիսիանում, Կապանում, Գյումրիում և Թալինում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան