Վարչապետը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանից
«Սերժ Սարգսյանը մի շատ կարևոր շեշտադրում էր արել Սերժ Թանկյանին ուղղված նամակում. «Սա պետություն է, Սե’րժ» »: Ազգային Ժողով-Կառավարություն ավանդական հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` մատնանշելով, որ մի շարք մարզպետներ` Գեղարքունիքից և այլն, մարզպետարանների պաշտոնական կայքերում շնորհակալություն են հայտնել աշխատակցիներին` Սերժ Սարգսյանի օգտին լավ արդյունքներ ապահովելու համար:
«Արդյո՞ք սա պետություն է»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:
Հնչեցրածից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորեց ՀԱԿ ներկայացուցիչին հստակեցնել հարցը, ինչին ի պատասխան Ն.Փաշինյանը կրկնեց.
«Հարցս հետևյալն է` արդյո՞ք սա պետություն է»,- կրկնեց նա:
Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը.
«Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ ուշադրության կենտրոնում եք պահում ընտրությունների հետ կապված դեպքերը և արձանագրում, որ կան օրենքի խախտումներ: Մենք դա կքննարկենք»,- նախևառաջ ասաց Տ.Սարգսյանը:
Նաև ավելացրեց, որ առաջին անգամ է լսում, որ մարզպետը նման կերպ է դիմել աշխատակիցներին, բայց պետք է նաև արձանագրի, որ այս ընտրություններին խստագույնս հետևել են, որպեսզի վարչական ռեսուրսի կիրառում չլինի.
«Ես ձեզ խոստանում եմ` ըստ դեպքերի, որ հնչեցրեցիք, կքննարկենք և ձեզ տեղյակ կպահենք արդյունքների մասին»,- հավելեց նա:
Ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ոչ թե իրեն է օգնում, այլ ժողովրդին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են