Երթ «Սումգայիթի» 25-րդ տարելիցի կապակցությամբ` նվիրված անմեղ սպանված հայերի հիշատակին
Վաղը` փետրվարի 28-ին, ժամը 11:30-ին Երևանում երթ կանցկացվի դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդում տեղադրված խաչքար, որը նվիրված է 1988թ-ի փետրվարի 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տանջամահ արված հայերի հիշատակին:
Երթը կազմակերպվել է հայկական մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների կողմից: Սգո միջոցառմանը մասնակցելու են նաև նախկին սումգայիթցիները, ովքեր անցել են անասելի տառապանքների դժոխքի միջով, Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանության արդյունքում կորցրել են իրենց հարազատներին և ընկերներին, բազմաթիվ ֆիզիկական վնասվածքներ են ստացել և դարձել հաշմանդամ: Սումգայիթցիների հետ միասին խաչքարի մոտ ծաղկեպսակներ կդնեն Հայաստանի Հանրային խորհրդի, ԵՊՀ-ի ուսանողական կազմակերպության և այլ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև` մտավորականներ, մի շարք փորձագետներ, լրագրողներ և իրավապաշտպաններ:
Հիշեցնենք, որ 1988թ-ի փետրվարի 26-29 տեղի իշխանությունների փաստացի օժանդակության և ԽՍՀՄ-ի կառավարության անգործության պայմաններում Ադրբեջանական ՍՍՀ-ի Սումգայիթ քաղաքում իրականացվել են տեղի խաղաղ բնակչության զանգվածային ջարդեր, որոնք ուղեկցվել են հայերի հանդեպ դաժանությամբ աննախադեպ սպանություններով, բռնություններով և կողոպուտով: Փետրվարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսված ցույցերի ժամանակ քաղաքի ղեկավարները հայերի հանդեպ բռնությունների կիրառման բացահայտ կոչեր էին անում:
Փետրվարի 27-ին ցույցերը վերաճեցին բռնի գործողությունների, որոնցում մասնակցել են հարյուրավոր մարդիկ: Կացիններով, դանակներով, հատուկ սրած երկաթե ձողերով, քարերով և բենզինով լի տարրաներով զինված մարդիկ, իրենց ձեռքի տակ ունենալով քաղաքի հայ բնակիչների բնակության վայրերի հասցեները, ներխուժում էին հայերի տները կողոպտում դրանք և դաժանաբար սպանում տան տերերին: Զոհերին որպես կանոն քարշ տալով փողոց էին հանում այնտեղ նրանց հանրորեն ստորացնելու համար: Տանջալից դաժանություններից և բռնություններից հետո մարդկանց վրա բենզին էին լցնում և ողջ-ողջ այրում:
Փետրվարի 29-ին Սումգայիթ են մուտք գործում զինված ուժերը, սակայն` իրավիճակին չխառնվելու հրամանով: Միայն երեկոյան, երբ գազազած ամբոխը հարձակումներ սկսեց հենց զինվորների վրա, մարտական ստորաբաժանումներն անցան կտրուկ գործողությունների:
Սումգայիթի ջարդերի զոհերի հստակ թիվը առ այսօր հայտնի չէ: Պաշտոնական տվյալների համաձայն զոհվել է 32 մարդ, սակայն բազմաթիվ վկայություններ կան առ այն, որ երեք օրվա ընթացքում քաղաքում հարյուրավոր հայեր են սպանվել: Նաև վկայություններ կան առ այն, որ ջարդերը համակարգվում էին Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից: Սումգայիթյան դահիճները հետագայում Ադրբեջանում ազգային հերոսներ հռչակվեցին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում