Վ.Խաչատրյան. Եթե տոտալ ընտրակեղծիք չլիներ, ապա նման ռեզոնանս չէր լինի, որն այսօր առկա է
«Իրողությունն այն է, որ ընդդիմությունը չունի ընտրակեղծիքների վերաբերյալ փաստեր: Եվ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի դիմել Սահմանադրական դատարան ի՞նչ հիմքերով պետք է դիմի»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը մեկնաբանելով ներքաղաքական իրավիճակը:
Նա նշեց, որ անելիքն այսօր առաջին հերթին երկխոսությունն է, քանի որ Ազատության հրապարակում հավաքվել է ժողովուրդը, որը դժգոհ է իշխանություններից: Այնպես որ պետք է երկխոսել ու ելք գտնել այս իրավիճակից:
Ասուլիսին ներկա «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանն էլ նշեց, որ չի համարում ավանդույթ այն, որ ընտրություններից հետո ժողովուրդը դուրս է գալիս հրապարակ, պարզապես ժողովրդին ուրիշ բան չի մնում` կիրառվող ընտրակեղծիքների պատճառով. «Ես գտնում եմ, որ միակողմանի հանգուցալուծումը մեկի կամ մյուսի օգտին հղի է վտանգներով»,- նշեց նախկին պատգամավորը` մատնանշելով տարածաշրջանային լարված իրավիճակը:
Մ.Եսայանը նշեց, որ կիսում է այդ անհանգստությունը, որը պետք է անհանգստացնի բոլորին:
«Մեր իրականությունն այն է, որ բացի ներքին խնդիրներից ունենք նաև արտաքին խնդիրներ, որոնց հետ իրավունք չունենք հաշվի չնստել»,- ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Վ.Խաչատրյանը շեշտեց` եթե տոտալ ընտրակեղծիք չլիներ, ապա նման ռեզոնանս չէր լինի, որն այսօր առկա է: Մ.Եսայանն էլ նախ արձագանքեց` Րաֆֆիին ընտրել է 38 տոկոս, նրանք են հրապարակում, իսկ բացի այս` ունե՞ք փաստեր, ո՞ւր են դրանք. «Ընդունենք վերացականորեն, որ ես համամիտ եմ ձեր ասածի հետ, բայց դուք ունե՞ք փաստ: Որևէ փաստ չունեք»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը ու շեշտեց, որ այս ամենից ելքը կոմպրոմիսն է: