Դատավոր Մերանգուլյանի լիազորությունները կդադարեցվեն, իսկ Խաչատրյանին` պատիժ
Այսօր տեղի ունեցած Արդարադատության խորհրդի նիստը ծանր է եղել որոշ դատավորների համար. Նիստում քննարկվել է Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված երեք դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Դատական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը, մասնավորապես, նկատողություն է հայտարարվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին` զուգորդված 6 ամսով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Նա նաև տեղեկացրեց, որ որոշվել է դիմել Հայաստանի նախագահին` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Նախազգուշացում է հայտարարվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանին:
Արդարադատության խորհրդի այսօրվա նիստում որոշվել է նաև ձևավորել ԱԽ կարգապահական հանձնաժողովի կազմը: Ըստ այդմ` ձևավորվել է նոր կազմ, որի մեջ են դատավորներ Ա. Խաչատրյանը, Կ. Բաղդասարյան և Գ. Բադիրյան: Այս կազմով կարգապահական հանձնաժողովը կգործի մինչև հաջորդ տարվա մարտի 2-ը: