«Ինչո՞ւ է ամեն անգամ դիզվառելիք մատակարարելու մրցույթում հաղթում «Ֆլեշ» ընկերությունը». Հարցը վրդովեցրեց գյուղնախարարին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով լրագրողներին ներկայացրեց իր ղեկավարած ոլորտում կատարվող աշխատանքները: Նախարարը նշեց, որ այս տարի ևս գյուղացիներին արտոնյալ պայմաններով վարկեր, դիզվառելիք ու պարարատանյութ կտրամադրվեն:
Երբ լրագրողները Սերգո Կարապետյանին հարցրեցին, թե ինչո՞ւ է ամեն անգամ գյուղացիներին դիզվառելիք մատակարարելու մրցույթում հաղթող ճանաչվում «Ֆլեշ» ընկերությունը, նախարարն այդ հարցից վրդովվեց և ասուլիսի կեսից լքեց մամուլի սրահը:
Մինչ այդ Ս.Կարապետյանը նշեց, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 2.1% աճ: Ըստ նախարարի՝ դա պայմանավորված է վերջին երկու տարիներին կառավարության որդեգրած քաղաքականությամբ:
Ս.Կարապետյանը հայտնեց, որ նախորդ տարի գյուղացիական տնտեսություններին տրամադրել են 30700 տոննա ազոտական պարարտանյութ, ինչպես նաև՝ 25 մլն լիտր դիզելային վառելիք: «Այս տարի գյուղացիներին միայն գարնանացանի աշխատանքների համար կտրամադրենք 31.400 տոննա պարարտանյութ, 17.5 մլն լիտր դիզվառելիք: Սա մեծ աջակցություն է գյուղացիական տնտեսություններին, քանի որ պարարտանյութը և դիզելային վառելիքը նրանց տրամադրվում է շուկայականից ցածր գներով, տարբերությունը սուբսիդավորում է պետությունը»,- ասաց գյուղատնտեսության նախարարը:
Ս.Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ շարունակելու են արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման գործընթացը: Ըստ նրա՝ վերջին երկու տարիներին այդ վարկերից օգտվել են 43 հազարից ավելի գյուղացիական տնտեսություններ. ընդհանուր առմամբ տրամադրվել է 32 մլրդ դրամից ավելի վարկային միջոցներ: «Գարնանացանի աշխատանքների համար նախատեսվում է ևս 7.5 մլրդ դրամի վարկային միջոցներ տրամադրել գյուղացիներին, նույնը կլինի նաև աշնանը»,- նշեց Ս.Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները