Իրանական կայք. Թավրիզը պատկանել, պատկանում և պատկանելու է Իրանին
Թավրիզում գործող անջատողական խմբավորումները հաջողության չեն հասնի:
Այդ մասին նշված է իրանական «ջավանօնլայն.իռ» կայքում թողարկված վերլուծական հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով օրերս Արևելյան Ատրպատականում (Արևելյան Ազարբայջան) Թավրիզի «Թրաքթորսազի» և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-ջազիրա» ֆուտբոլային թիմերի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, մասնավորապես գրում է. «Այն, որ Թավրիզի թիմը 3-1 հաշվով հաղթանակ է տանում Էմիրությունների թիմին, դա ողջ Իրանի հաղթանակն է, և հաշիվը գրանցվում է ողջ Իրանի անվանը: Սակայն ֆուտբոլային հավաքի ժամանակ սակավաթիվ մարդկանց մի խումբ անջատողական բովանդակությամբ պաստառ է բարձրացրել, որտեղ նշված է եղել «Ազարբայջանը Իրան չէ» նախադասությունը»:
Իրանական կայքի վերլուծաբանը, եզրափակելով թեման՝ մասնավորապես նշում է. «Այդպիսի անջատողական խմբավորումները պետք է իմանան, որ հաջողության չեն հասնելու. Թավրիզը և նրա թիմը, պատկանել, պատկանում և պատկանելու են Իրանին»:
Հիշեցնենք, որ իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը, օրերս անդրադառնալով իրանցի թյուրքախոս ազարիների խնդիրները որոշ ուժերի կողմից շահարկելու փաստին, մասնավորապես նշել էր. «Որոշ երկրներ փորձում են իրանցի երիտասարդների շրջանում պառակտություններ մտցնել, սակայն նրանք թող չկարծեն, որ դա իրենց կհաջողվի: Օրինակ Թուրքիայի դեսպանը կարմիր շապիկով և Թուրքիայի դրոշով ներկայանում է Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմի խաղերին և երկրպագում այդ թիմին»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին