Բուլղարիայում սումգայիթյան դեպքերը դատապարտող հայտարարագիր կհրապարակվի
Սոֆիայի «Երևանյան» պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ օրերս տեղի է ունեցել ծաղկեպսակ զետեղելու արարողություն` ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության ծառայության փոխանցմամբ, արարողությանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի Թեմի Առաջնորդական տեղապահ վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Թեմական Խորհրդի Ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի ղեկավարներ և անդամներ, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական այլ կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ:
Արարողությունից հետո Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան սուրբ պատարագ:
Նույն օրը` փետրվարի 24-ին հոգեհանգստյան պատարագներ են մատուցվել նաև Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա և Բուրգաս քաղաքների եկեղեցիներում:
Փետրվարի 27-ին Բուլղարիայում գործող «Հայ դատ» հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան` «Սումգայիթ. ողբերգությունից 25 տարի անց» խորագրով: Զեկույցներով հանդես են եկել բուլղարահայ և բուլղար մտավորականներ ու գիտնականներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Իր ելույթում դեսպանը նշել է , որ Սումգայիթը դարձել է Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը և ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության մարմնացումը` ընդգծելով, որ Սումգայիթի ջարդերին մասնակցած ադրբեջանցի հրոսակները ոչ միայն չդատապարտվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլև արժանացան պետական բարձր պարգևների ու պաշտոնների:
Շարունակելով իր խոսքը` դեսպանը զուգահեռ է անցկացրել` նշելով, որ 25 տարի անց, ի դեմս Սաֆարովի տխրահռչակ գործարքի, Ադրբեջանը հերոսացնելով մարդասպանին այսօր ևս շարունակում է այդ նույն քաղաքականությունը:
«Մինչդեռ Սումգայիթի մասին ճշմարտությունը հարկավոր է իմանալ այնպես, ինչպես Նյուրնբերգյան դատավարության նյութերն են անհրաժեշտ մարդուն, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր ցեղասպանություններից»,-իր խոսքն ամփոփել է դեսպան Սհոյանը:
Զեկույցներով հանդես են եկել նաև բուլղարահայ և բուլղար մտավորականներ ու գիտնականներ, որոնք, հանգամանորեն անդրադառնալով ոչ միայն բուն սումգայիթյան իրադարձություններին, այլև հայ ազգաբնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող էթնիկ տեղահանման քաղաքականությանը, դատապարտել են սումգայիթյան ջարդերը և միավորվել են մի ընդհանուր առաջարկի շուրջ` կազմել դատապարտող հայտարարագիր և հրապարակել այն: