Րաֆֆի Հովհաննիսյանը հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը լռությամբ (Լուսանկարներ)
Ազատության հրապարակում կեսօրին տեղի ունեցած ասուլիսից հետո, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջնորդեց մարտի 1-ի ողբերգության զոհերի հիշատակի ոգեկոչման երթը` դեպի Մյասնիկյանի հուշարձան:
Մինչ այդ նա կոչ արեց երթի մասնակիցներին պահպանել լռություն, «յուրաքանչյուրն իր մեջ մտածի, թե ինչպես եղավ»:
Մյասնիկյանի արձանի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանն իր տիկնոջ հետ ծաղիկներ դրեց արձանի պատվանդանին և հեռացավ:
Հարթակում «Ժառանգություն» կուսակցությունից մնացած մի քանի ներկայացուցիչների և երթի մասնակիցների ներկայությամբ հոգևորականի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո միջոցառումն ավարտվեց:
Նշենք, որ այսօր ժամը 16.30-ին, Սբ. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան արարողություն, ի հիշատակ մարտի 1-ի զոհերի: