Մարտի 1-ը Քաղպաշտպանության համաշխարհային օրն է
Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդիրը հատկապես սրվում է պատերազմի ժամանակ: Առաջինը դա գիտակցեց ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը, որը 1931 թ. Փարիզում հիմնեց «Ժնևյան գոտիներ» ասոցիացիան:
Այն նպատակ ուներ առանձնացնել չեզոք գոտիներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել քաղաքացիական բնակչությունը:
1936 թ. Իսպանիայում քաղաքացիական պատերազմի և 1937 թ. Ճապոնիայի ու Չինաստանի միջև կոնֆլիկտի ժամանակ ասոցիացիայի ակտիվ գործունեությունը թույլ տվեց Իսպանիայի Մադրիդ և Բիլբաո, ինչպես նաև Չինաստանի Շանհայ ու Նանկին քաղաքներում քաղաքացիական բնակչության համար ստեղծել չեզոք գոտիներ:
1958 թ. «Ժնևյան գոտիներ» միջազգային ասոցիացիան վերածվեց քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ): Կազմակերպության գործառույթները զգալիորեն ընդլայնվեցին` քաղպաշտպանության ազգային կազմակերպությունների միջև կապերի հաստատում, բնակչության պաշտպանության բնագավառում ուսումնասիրությունների անցկացում, փորձի փոխանակման կազմակերպում, արտակարգ իրավիճակներում կանխմանը, պատրաստությանն ու գործողություններին ուղղված ջանքերի համակարգում:
1972 թ. ՔՊՄԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ներկայիս տեքստը: Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թ. մարտի 1-ին և կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ:
1986 թ. Չեռնոբիլի աղետը և 1988 թ.Սպիտակի երկրաշարժը, որոնք բազմաթիվ զոհերի և միլիարդների հասնող վնասի պատճառ դարձան, ստիպեցին նորովի նայել քաղպաշտպանության դերակատարությանը: Ակնհայտ էր, որ այն չի կարող իր գործունեությունը սահմանափակել միայն պատերազմի ժամանակահատվածով: Առկա ուժերն ու միջոցները պետք է արդյունավետ օգտագործվեն նաև խաղաղ պայմաններում, հատկապես` վթարների, տարերային ու տեխնածին աղետների հետևանքները վերացնելիս:
1994 թ. ապրիլից Հայաստանը ևս հանդիսանում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ։ Այդ օրը հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպվում են օրվա խորհրդին նվիրված տարբեր միջոցառումներ, որոնց լուսաբանումը կօգնի բարձրացնել մեր համաքաղաքացիների իրազեկվածությունն ու պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին, ինչպես նաև առավել հետաքրքիր կդարձնի ձեր եթերը։
1994 թ. ապրիլից Հայաստանը Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ է և, մեր երկրում նույնպես պարբերաբար անցկացվում են քաղպաշտպանության խնդիրներին առնչվող միջոցառումներ:
ՔՊՄԿ-ն ամեն տարի ընդունում է քաղպաշտպանության միջազգային օրվան նվիրված մի կարգախոս`
1999 թ. - Քաղպաշտպանությունը պետք է դառնա դպրոցական ծրագրի մի մաս
2000 թ. - Քաղպաշտպանությունը` կայուն զարգացման միջոց
2001 թ. - Կամավորները և քաղաքացիական պաշտպանությունը
2002 թ. - Քաղպաշտպանության հիմնական տարրերը
2003 թ. - Քաղպաշտպանությունը` աղետներին դիմակայելու միջազգային համերաշխության միջոց
2004 թ. - Քաղպաշտպանությունը և անվտանգությունը ճանապարհներին.
2005 թ. - Քաղպաշտպանությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը
2006 թ. - Քաղպաշտպանությունը դպրոցում
2007 թ. - Քաղպաշտպանությունը և աշխատավայրում անվտանգության ապահովումը
2008 թ. - Քաղպաշտպանությունը և առաջին օգնության հմտությունները
2009 թ. - Քաղպաշտպանությունը, կանխարգելիչ տեղեկատվությունը և հաղորդակցության հմտությունները
2010 թ. - Աղետների բժշկություն
2011 թ. - Կնոջ տեղն ու դերը քաղպաշտպանության համակարգում
2012 թ. - Քաղպաշտպանությունը և կենցաղային վթարները
2013 թ. - Քաղպաշտպանությունը և քաղաքացիական հասարակության պատրաստումն աղետների ռիսկի կանխարգելմանը
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: