Լրանում է Պոլիտեխնիկի հիմնադրման 80-ամյակը
2013 թվականը հոբելյանական է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) համար. լրանում է Հայաստանի բարձրագույն տեխնիկական կրթության բուհի հիմնադրման 80-ամյա տարեդարձը:
Գարնան առաջին օրը` մարտի 1-ը, պոլիտեխնիկի ծննդյան օրն է: Դեռևս 1933թ-ին Հայաստանի Շինարարական և Քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ ստեղծեց նոր ինստիտուտ , որը 1933թ-ի մարտի 1-ից կոչվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Այն ուներ ընդամենը երկու ֆակուլտետ և 107 ուսանող:
Ինչպես տեղեկացնում են ՀՊՃՀ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից, 1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ): Կառավարության որոշմամբ 2005թ. համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը:
Պոլիտեխնիկն իր գործունեության 80 տարիների ընթացքում տվել է 115 հազարից ավելի շրջանավարտներ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:
ՀՊՃՀ-ի տարեդարձի կապակցությամբ այսօր համալսարանի մեծ դահլիճում տեղի կունենա Ազդարար նիստ-համերգ, որով կմեկնարկեն հոբելյանական տարվա միջոցառումները: Ողջ տարվա ընթացքում պոլիտեխնիկական հագեցած աշխատանքային առօրյան և ուսանողական կյանքը կուղեկցվեն հանդիսավոր նիստերով, տոնական հանդիպումներով, մեծարման երեկոներով և համերգային ծրագրերով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա