«Ալիև, դադարեցրու ագրեսիան». Հունաստանում Ադրբեջանի դեսպանին բողոքի նամակ են հանձնել
Հունաստանում ՀՀ դեսպանության և երկրում գործող հայկական համայնքային կառույցների կազմակերպությամբ փետրվարի 27-ին Աթենքի Նեա Զմիրնի թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին և Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Հայ առաքելական և Հայ կաթոլիկ եկեղեցիների հոգևորականների կողմից անցկացվել է հոգեհանգստյան արարողություն` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ:
Հավաքվածների առջև ելույթներով հանդես են եկել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Դավիթ Պետրոսյանը:
ՀՀ դեսպանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ, Սումգայիթի եղեռնագործության զոհերի հիշատակը խնկարկելով, հպարտությամբ պիտի արձանագրվի նաև Ղարաբաղյան շարժման 25-ամյակը:
«Շարժում, որի նվիրյալների աննկուն ոգին չկոտրեց անգամ դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժը, իսկ անհագուրդ թշնամու սանձազերծած պատերազմի բովում այն թրծվեց, էլ ավելի զորացավ ու դարձավ անպարտելի: Համախմբվածության նույն ոգով և նույն նվիրումով է, որ պետք է ամենքս ջանանք բաղձալի ավարտին հասցնելու հերոսացած բոլոր հայորդիների սկսած հայրենանվեր գործը: Մեր սրբազան պարտքն է` հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը` ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու, ապահով ու բարեկեցիկ ապրելու արցախահայության իրավունքը: Հանուն մեր նախնյաց, հանուն Սումգայիթում մարտիրոսված մեր ազգակիցների և գոյամարտում հերոսացած ազատամարտիկների հիշատակի»,-նշել է դեսպան Ղալաչյանը:
ՀՀ դեսպանը և ՌԱԿ ներկայացուցիչ Խաչիկ Ոսկերչյանը դեսպանության և հունահայ համայնքի կողմից ծաղկեպսակներ են զետեղել «Զանգակ» հուշակոթողին: Հնչել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգերը:
Միջոցառմանը ներկա էին Հունահայոց Ազգային Վարչության ատենապետն ու անդամներ, Հունաստանում ՀՅԴ և ՌԱԿ կուսակցական կառույցների ղեկավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի ատենապետը, Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահն ու վարչության անդամները, հունահայ համայնքի և համայնքային կառույցների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Երեկոյան կայացել է հունահայ երիտասարդության բողոքի ցույցը Ադրբեջանի դեսպանության առջև: Մոտ մեկ ժամ կայացած ցույցի ընթացքում երիտասարդները, եռագույն դրոշների ներքո, բարձրախոսով վանկարկում էին պահանջատիրական և ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը դատապարտող կարգախոսներ: Ցուցարարները կրում էին «Ալիև, դադարեցրու ագրեսիան. Լեռնային Ղարաբաղն արդեն անկախ է» ու «Կասեցնել հայկական հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի կողմից» անգլերեն և հունարեն պաստառներ: Ցուցարարների կողմից Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչին հանձնվել է բողոքի նամակ: