«Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա. մենք չենք մոռանում». բողոքի ցույց Փարիզում` ադրբեջանական դեսպանության դիմաց (Լուսանկարներ)
Փետրվարի 28-ին Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում ադրբեջանական դեսպանության դիմաց ֆրանսահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ անկացրել են բողոքի ցույց, որի կոչն արվել էր Ֆրանսիայի «Հայ դատի» հանձնախմբի կողմից:
Ըստ «Նուվել դը Արմենիի» ցույցն անցել է «Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա. մենք չենք մոռանում» խորագրի ներքո, որի ընթացքում ցուցարարներն իրենց «Ղարաբաղը մերն է» վանկարկումներով և «Ալիեւ բռնապետ» պաստառներով դատապարտել են 25 տարի առաջ կատարված ողբերգալի իրադարձությունները, որոնք Ադրբեջանի ղեկավարության արձագանքն էին Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար պայքարին: Ելույթ ունեցողները նշել են, որ Սումգայիթի ջարդերից քառորդ դար անց` ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյաց քարոզչությունն էլ ավելի է սաստկացել` սերունդներին դաստիարակելով հակահայ ռասիզմի և ռեւանշիզմի ոգով:
Համայնքային կառույցների ղեկավարներն իրենց խոսքում հատկապես դատապարտել են Ադրբեջանի նախագահի կողմից հայկական սփյուռքը որպես թիվ մեկ թշնամի հռչակելը և հայտարարել, որ ծագումով հայ բոլոր ֆրանսիացիները մինչև վերջ պայքարելու են Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրման համար:
Հարկ է նշել, որ նախքան ցույցի սկիզբը` Ադրբեջանի դեսպանությունը կրկին հուսահատ սադրանքի փորձ է կատարել, իր դիվանագիտական ներկայացուցչության շենքը վերածելոտեղեկատվական վահանակի, դեսպանության շենքի ճակատային մասում կախել հակահայ քարոզչական պաստառներ, որոնք տեղում ներկա ֆրանսիայի համապատասխան մարմինների առաջին իսկ զգուշացմամբ հանվել են:
Նրանց միջամտության շնորհիվ դադարեցվել է նաեւ Ադրբեջանի դեսպանության միացրած խլացուցիչ մուղամ-նամազը, որը հարուցել էր անցորդների ու շրջակա բնակչության ընդվզումն ու զայրույթը։
Լուսանկարները` «Նուվել դը Արմենիի»