Գյումրիում առավել անմխիթար է անօթևան միայնակ տարեցների վիճակը
Գյումրիում տասնյակ անօթևան ընտանիքներ կան, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, 25 տարի շարունակ ապրում են ժամանակավոր կացարաններում, սակայն բնակարաններ պետության կողմից չստացան:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հաղորդմամբ, նրանք անօթևանների հերթացուցակում չհաշվառված ընտանիքներն են, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել դիմել և հերթագրվել մինչեւ սահմանված ժամկետը` 2008 թվականի նոյեմբերի մեկը: Ըստ գործող կարգի, նրանք փոխհատուցման ենթակա չեն: ՀԿ ուսումնասիրություններով, նման կարգավիճակ ունեցող Գյումրու անօթևանների շրջանում մեծ թիվ են կազմում միայնակ տարեցները:
«Այսօր մենք այդպիսի վիճակում հայտնված միայնակ մի տարեց կնոջ հանդիպեցինք Գյումրու երբեմնի հզոր, ներկայումս Հովնանյանների սեփականությունը համարվող, ավերակների վերածված «Էլեկտրատեխնիկական գործարանի» բակում տեղադրված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ փոքրիկ տնակում: Մենք նրան գտանք բավականին երկար փնտրտունքներից հետո, քանի որ այդ գործարանի հսկա բակի մուտքը բոլորի առաջ փակ է: Նրան փնտրում էինք փետրվարի 10-ի լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ նախկին գյումրեցի մի կնոջ` իր նախկին հարևանուհու կողմից տրված անվանական գումարը հանձնելու և վառելափայտ տրամադրելու նպատակով»: