Գազի գինն ու վարչապետի պաշտոնը
«Հրապարակը», հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետի թեկնածուների մեջ շրջանառվում է նաև Կարեն Կարապետյանի անունը, ով այս օրերին Հայաստանում է և քաղաքական հանդիպումներ է ունենում, գրում է, որ երեկ «Գազպրոմբանկին» մոտ կանգնած մոսկովյան աղբյուրից թերթը տեղեկացել է, թե Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը կապված է գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական բանակցությունների հետ: Բանակցությունների լիազորված շրջանակները պայման են դրել, որ Կարապետյանը Հայաստան վերադառնա և նշանակվի վարչապետի պաշտոնում, միայն եթե նպաստի ռուսական գազի գնի իջեցմանը: «Հրապարակը» նաև հիշեցնում է` վերջերս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոսք էր տվել, որ «կունենանք ԱՊՀ-ում գազի լավագույն գինը, բոլորից ցածրը մերը կլինի»: Ներկայում Հայաստան առաքվող ռուսական գազի գինը 1000 խմ-ի համար կազմում է 180 դոլար, իսկ ամենացածր գինը ռուսական գազի դիմաց վճարում է Բելառուսը: